ԿՅԱՆՔԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

2006 թվականի հոկտեմբերին 16-ին Ախուրյանի Հայ օգնության միության “Մոր և մանկան” առողջության կենտրոնում ծնված երեխաներից մեկը հայտնվել էր ծանրագույն վիճակում. ընդամենը մեկ օրական աղջիկը, որ ծնվել էր ստոծանու բնածին արատով` ճողվածքով, չէր կարողանում ինքնուրույն շնչել: Կենտրոնի գլխավոր բժիշկ Վահրամ Միրզոյանը և ամբողջ բուժանձնակազմը աներևակայելի ջանքեր էին գործադրում փոքրիկի կյանքը մահվան ճիրաններից խլելու համար, սակայն արդեն իսկ պարզ էր դառնում, որ կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում արհեստական շնչառությամբ նորածնին երկար պահելն անհնար էր: Երեխային անհրաժեշտ էր շտապ տեղափոխել Երևան և վիահատել, սակայն նրա գյումրեցի ծնողները թևաթափ էին և չէին հավատում վիրահատության հաջողությանը:

Այս պահին էր, որ ճակատագրի բերումով կամ բարի նախախնամության տնօրինությամբ այդ օրը Ախուրյանի “Մոր և մանկան” առողջության կենտրոն այցելեց Հանրապետության առաջին տիկին Բելլա Քոչարյանը, որին ուղեկցում էր նաև Հայաստանի առողջապահության նախարար Նորայր Դավիդյանը: Տեղեկանալով երեխայի օրհասական վիճակի մասին, առաջին տիկինն առանց հապաղելու իր վրա է վերցնում փոքրիկի կյանքը փրկելու գործը: Նրա խնդրանքով նախարար Դավիդյանն նույն րոպեին հեռաձայնում է Երևան, որտեղից անմիջապես Ախուրյան է ուղևորվում հատուկ ռեանիմոբիլը: Հաշված ժամերի ընթացքում մանկանը տեղափոխում են Երևան, ուր նրան վիրահատում է Սուրբ Աստվածածին հիվանդանոցի գլխավոր բժիշկ, մանկական վիրաբույժ Նիկոլայ Դալլաքյանը: Երեխայի կյանքը հաջողվում է փրկել:

Հայտնի է, որ այսպիսի դեպքերը քիչ չեն Բելլա Քոչարյանի կյանքում: Սակայն այս փրկված փոքրիկի ու նրա ընտանիքի հետ կապերն այլևս չխզվեցին և ավանդույթի համաձայն այս օրերին ևս տիկին Քոչարյանը հանդիպեց փոքրիկ Բելլային ու նրա ծնողներին: Ներկայացնում ենք մի քանի լուսանկար այդ տեսակցությունից:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *