ՀՕՖ-ի տոնական համերգը՝ Բերդում․ ներկա էր նաեվ Բելլա Քոչարյանը

Հունիսի 2-ին Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) Երեխաների աջակցության կենտրոնի «Բարեկամների խորհուրդը» Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ այցելություն ունեցավ ՀՀ Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի համայնքներ, որտեղ իրականացվում է Հայ օգնության ֆոնդի «Աղքատության հաղթահարումը Տավուշի մարզում» ծրագիրը:

Այցի շրջանակներում Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) Երեխաների աջակցության կենտրոնի «Բարեկամների խորհուրդը» Կենտրոնի մարզային գրասենյակում հանդիպում ունեցավ Բերդի քաղաքապետ Հարություն Մանուչարյանի և Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ Միրզոյանի հետ՝ հասկանալու համար համայնքի զարգացման տեսանկյունից առաջնային խնդիրները և կազամակերպելու հնարավոր անհրաժեշտ աջակցություն:

«Բարեկամների խորհրդի» Բերդի տարածաշրջան այցի նպատակն էր հանդիպել սահմանամերձ գոտու համայնքներում բնակվող երեխաներին և ծնողներին, շնորհավորել նրանց և փոխանցել լուսավոր տոնի խորհուրդը: Կենտրոնի «Բարեկամների խորհրդի» նախագահ տիկին Բելլա Քոչարյանի գլխավորությամբ խորհրդի անդամներ Նազենի Հովհաննիսյանը, Սոֆի Մխեյանը, Հրաչուհի Ութմազյանը, Գոռ Գլումովը, Արսեն Գրիգորյանը (Մրո), Ռուբեն Սասունցին և SPRING PR-ընկերության թիմը հանդիպեցին Բերդ քաղաքի, Չինչին, Չինարի համայնքների շահառու ընտանիքների ծնողների և Բերդ քաղաքի երիտասարդների հետ: Համայնքի բնակիչները անմիջական ջերմ մթնոլորտում զրուցեցին, շփվեցին բարեկամների հետ, կիսվեցին դեռահասների և երիտասարդների ազատ ժամանցին, հանգստի կազմակերպմանը, հայրենասիրական ոգու բարձրացմանը, սահամամերձ համայքներում մշակութային կյանքի ակտիվացմանը վերբերող իրենց հուզող հարցերով:

Խորհրդանշական և տոնական օրն ամփոփվեց Բերդ քաղաքի մշակույթի տանը սիրված արտիստներ Արսեն Գրիգորյանի (Մրո), Դավիթ Ամալյանի, Ռուբեն Սասունցու, Սոֆի Մխեյանի մասնակցությամբ տոնական համերգով: Հանդիսատեսով լեփ-լեցուն դահլիճը մեծ խանդավառությամբ դիմավորեց արտիստներին, ովքեր անմոռանալի տոն նվիրեցին համայնքի բնակիչներին: Տոնական համերգը վարում էին Գոռ Գլումովը, Նազենի Հովհաննիսյանը և Հրաչուհի Ութմազյանը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *