Առաջին տարածաշրջանային գիտաժողով

“Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր” բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ, այսօր առաջին անգամ Հայաստանում տեղի ունեցավ “Իմունոգենետիկայի Եվրոպական Ֆեդերացիայի” տարածաշրջանային առաջին գիտաժողովը: Առաջին անգամ գիտաժողովին ներկա էին մասնագետներ տարածաշրջանից:

“Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր” բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Սևակ Ավագյանն իր խոսքում հայտնեց, որ Բարեգործական կենտրոնն արդեն 11 տարի` իր գործունեության սկզբից հանդիսանում է եվրոպական ֆեդերացիայի անդամ: Նա հայտնեց, որ մեր լաբորատորիան միակն է նախկին ԽՍՀՄ ամբողջ տարածքում, որն ունի այդ կարևորագույն կառույցի հավատարմագիրը: “Դրա համար էլ ֆեդերացիան որոշեց այստեղ անել այդ գիտաժողովը` դիտելով Հայաստանը կամրջող օղակ մնացած երկրների գիտնականների համար”, – ասաց նա:

Ներկայացնելով արյան հիավանդության բուժման մեթոդները, նա նշեց, որ երբ քիմիոթերապիան չի օգնում, փոխպատվաստման նոր տեխնոլոգիա է ի հայտ եկել, որը Հայաստանում դեռ չկա, սակայն այդ բուժման համար անհրաժեշտ են դոնորներ: Նա տեղեկացրեց, որ առաջին հերթին հիվանդին հարազատներն են օգնության հասնում, և 4 երեխա ունեցող ընտանիքի պայմաններում 25 տոկոս դեպքերում նրանք համընկնում են, սակայն Հայաստանում 4 հոգանոց ընտանիքները քիչ են, դրա համար կամավոր դոնորների դերը մեծ նշանակություն ունի:

“Հայերս հատուկ գենետիկ կառուցվածք ունենք, ինչ-որ ձևով տարբերվում ենք” – ասաց նա և պարզաբանեց, որ դրա պատճառն այն է, որ մենք տարածաշրջանում փակ միջավայրում ենք ապրել, խառը ամուսնություններ չեն եղել և հավանականությունը, որ հայը հային կարող է տալ բջիջ` շատ ավելի մեծ է, քան մյուս խմբերինը:

“Մեր գործունեության 12 տարիների ընթացքում ամբողջ աշխարհից 17000 հոգի դիմել են, 1500-ի համար գտել ենք համընկում, նրանց 13-ին փոխպատվաստել են, որոնց կեսը հայաստանցիներ են”, – հայտնեց նա:

“Մեր օգնությունը դա դոնոր գտնելն է: Եթե չունենաս դոնոր, աշխարհի բոլոր փողերն ունեցի` չես կարող օգնել: Ես համոզված եմ, որ եթե մենք Հայաստանում ուենանք փոխպատվաստման կենտրոն, մեր հնարավորությունները շատ ավելի կօգտագործենք”, – ավելացրեց Սևակ Ավագյանը:

“Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր” բարեգործական հիմնադրամի նախագահ Բելլա Քոչարյանն իր խոսքում նշեց, որ այս ամբողջը նախապատրաստական աշխատանք էր, և բոլորի նպատակը կենտրոն ունենալն է, որովհետև շատ թանկ արժե յուրաքանչյուր հիվանդին ուղարկել արտասահման և շատ ավելի հարմար կլիներ Հայաստանում փոխպատվաստման կենտրոն ունենալ, քանի որ շատ ծանր է, երբ որ տեսնում ես այդ երեխաներին, նրանց ծնողներին:

“Ես կարծում եմ, որ այսօր Հայաստանն արդեն պատրաստ է դրան և դրա կարիքը կա”, – ասաց տիկին Քոչարյանը:

Mardik.am կայքի նյութերով

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *