Երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ, ս. թ. հունիսի 1-ին, Հայ օգնության ֆոնդի “Երեխաների աջակցության կենտրոն” հիմնադրամը կազմակերպել էր տոնական միջոցառում՝ ռիսկային իրավիճակներում հայտնված իր սաների համար: Միջոցառմանը մասնակցեցին Կենտրոնի Բարեկամների խորհրդի նախագահ տկն. Բ. Քոչարյանը, Բարեկամների խորհրդի այլ անդամներ, այդ թվում՝ արվեստագետներ, գործարարներ, շոու բիզնեսի ներկայացուցիչներ և այլն:
Հունիսի 1-ը Կենտրոնի պատմության մեջ նշանավորվեց ոչ միայն երեխաների պաշտպանության օրվան նվիրված հերթական գունեղ միջոցառմամբ, այլև այնտեղ ապաստանած սաների համար դարձավ կրկնակի տոն, քանզի հենց այդ օրը բացվեց Կենտրոնի նոր մասնաշենքը: Այն վերանորոգվել է Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի կողմից և կահավորվել Երևան Ջուր ընկերության միջոցներով: Մասնաշենքի բացման արարողությանը հաջորդեց Բարեկամների խորհրդի նիստը, որի ժամանակ ներկայացվեցին Կենտրոնի ձեռքբերումները, ինչպես նաև ծառացած խնդիրները: Հանդիպման ժամանակ ներկայացվեցին Բարեկամների խորհրդի անդամների նվիրատվություննները` ուղղված Կենտրոնի պայմանների բարելավմանը, մասնավորապես՝ տիկին Քոչարյանի և տիկին Ծառուկյանի ներդրումը Կենտրոնի անհրաժեշտ ավտոմեքենան ձեռք բերելու հարցում, ինչպես նաև շատ այլ բարերարների օժանդակումներ, որոնց շնորհիվ բարելավվում է երեխաներին մատուցվող ծառայությունների որակը: Բարեկամների խորհրդի անդամները մշտապես գտնվում են Կենտրոնի կողքին և սատարում վերջինիս գործունեությանը՝ դարձնելով մասնագետների ջանքերն առավել հասցեական:
Հատկանշական է այն, որ տարեցտարի ավելանում են այն անձնվեր մարդկանց և կազմակերպությունների թիվը, որոնք պատրաստ են աջակցել Կենտրոնին իր դժվար առաքելությունն իրականացնելու գործում: Ցանկացած ներդրում, որ ունենում են Կենտրոնի բարեկամ դարձած անձինք` նպաստում է երեխաների բարեկեցության ապահովմանը, կյանքի որակի բարելավմանը:
Բարեկամների խորհրդի յուրաքանչյուր անդամ առաջնորդվում է Բարեկամների խորհրդի նախագահ՝ տկն. Քոչարյանի նշանակալից այս կարգախոսով. “Բարեգործությունը սահմաններ չի ճանաչում: Բարեգործները երջանիկ են, որ կարողանում են պարգևել երեխաներին անմոռաց պահեր”: