Ռոբերտ Քոչարյանի հարցը Ռուսաստանին եւ առաջարկը Արեւմուտքին

Ռոբերտ Քոչարյանն արտահայտվեց Մաքսային Միության թեմայով, ինչպես խոստացել էր դեռեւս նախորդ տարեվերջին, երբ սկսեց աշխույժ պոլեմիկան ՀՀԿ-ականների հետ: Հետաքրքրական է, որ փաստացի առանցքային թեման Ռոբերտ Քոչարյանը թողել էր ամենավերջում, եթե իհարկե դա վերջն է: Չի բացառվում, որ արտահայտվելու մասով զգալի դեր ունեցան Ուկրաինայի իրադարձությունները, որտեղ երկրորդ նախագահը, ինչպես ամբողջ աշխարհը, տեսան, թե ինչ տխուր իրավիճակի առաջ հայտնվեց իր ապագայի հույսը Ռուսաստանի վրա դրած գործիչը:

Բանն այն է, որ Ռոբերտ Քոչարյանը Մաքսային միության մասին շատ զգուշավոր է արտահայտվում, ասելով, որ շտապելը վտանգավոր է: Միեւնույն ժամանակ, նա լուրջ վտանգներ է տեսնում տնտեսության առանձին ճյուղերի համար: Ընդհանուր առմամբ, իրավիճակի տնտեսական ընդհանուր գնահատականի մասով Քոչարյանի գնահատականը կարծես թե աննախադեպ հավասարակշռված է եւ զուսպ, բավական ռացիոնալ:

Դրան զուգահեռ, երկրորդ նախագահը շրջանցում է ՄՄ-ի քաղաքական թեման: Նա հայտարարում է, թե պետք գործընթացը լինի նվազագույնս քաղաքականացված: Միեւնույն ժամանակ, երկրորդ նախագահն անշուշտ չի կարող չհասկանալ, որ գործընթացը մինչեւ ուղն ու ծուծը քաղաքականացված է: Եվ Քոչարյանն ինքն էլ անկասկած չի շրջանցում քաղաքականությունը: Նա մատնանշում է ՄՄ-ին անդամակցելու մասին հայտարարությունից հետո Հայաստանի վարկանիշային ծանր հարվածը, որն «այլեւս չի շտկվի»: Միեւնույն ժամանակ բավական հետաքրքրական նկատառում արտահայտում, թե չարժեր Եվրամիության հետ ասոցացման գնալ ՎՈՒԱՄ երկրների ընկերակցությամբ, քանի որ դա առաջացրեց Ռուսաստանի խանդը:

Երկրորդ նախագահը հավանաբար շատ լավ գիտե ու պատկերացնում է, որ Ռուսաստանի «խանդը» առաջացրեց ոչ թե Հայաստանի ընկերակցությունը, այլ հենց փաստն ինքնին, որ Հայաստանը կարող է իրականացնել Ռուսաստանից անկախ որեւէ գործընթաց Եվրատլանտյան հանրույթի հետ եւ դիվերսիֆիկացնել տնտեսությունն ու անվտանգությունը:

Բայց, Քոչարյանն ըստ երեւույթին նուրբ ակնարկ է ուղղում դեպի Արեւմուտք, ասելով, որ Ասոցացման գործընթացին սկզբունքորեն դեմ չէ:
Այդպիսով, երկրորդ նախագահի պատասխանը հետաքրքիր է ստացվում: Նա տնտեսական «լիկբեզով» արտահայտվում է ՄՄ դեմ, չշտապելը տվյալ դեպքում հենց դա էլ նշանակում է, իսկ ահա քաղաքական մասով արտահայտվելով Ռուսաստանին «զայրացնելու» դեմ, այնուհանդերձ նուրբ ակնարկ է հղում Արեւմուտքին, միասին աշխատելու իր երբեմնի նախընտրական կարգախոսի տրամաբանությամբ:

Թե ինչն է Ռոբերտ Քոչարյանի այդ մարտավարության շարժառիթը, դժվար է միարժեք ասել: Բայց որ այդ մարտավարությունը նվազագույն ադեկվատ է առկա աշխարհաքաղաքական եւ Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, կարծես թե ակնառու է:

Ոչ ադեկվատ մարդը ութ տարի շարունակ Հայաստանում չէր պահպանի կուռ իշխանական համակարգ, իսկ մարտի 1-ից հետո էլ չէր պահպանի ներքաղաքական զարգացումներում երկրորդ բեւեռի դերն ու տարեցտարի ամրապնդի այն: Բայց այդ ընթացքում Քոչարյանը նվազ համարժեքություն էր ցուցաբերում արտաքին զարգացումների առումով: Ներկայում նա կարծես թե փորձում է «դիվերսիֆիկացնել» իր քաղաքական պորտֆելը:
Իհարկե, ուկրաինական իրադարձությունները բավական ակնառու էին այդ տեսանկյունից որպես հուշարար, բայց միեւնույն ժամանակ հետաքրքիր հանգամանք է եւ այն, որ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը հրապարակվում է Սոչիում Տիգրան Սարգսյանի հանդիպումներին զուգահեռ: Կրեմլի մամուլի ծառայությունը տեղեկություն էր հրապարակել, որ ՌԴ նախագահ Պուտինը Սոչիում մի շարք երկկողմ հանդիպումներ է ունեցել, այդ թվում Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ:
Միեւնույն ժամանակ, ԱԺ չորս ոչ իշխանական ուժերը պետք է փետրվարի 24-ին մեկնարկելիք քառօրյայում բարձրացնեին կառավարության անվստահության հարցը, բայց երկու-երեք օր առաջ հայտարարեցին, որ չեն եկել ընդհանուր համաձայնության: Վստահության հարցի տապալումից հետո Տիգրան Սարգսյանին հանդիպման հրավեր է ուղարկում ՌԴ վարչապետ Մեդվեդեւը, եւ Մեդվեդեւը քիչ էր՝ նրան հանդիպում է նաեւ Պուտինը:
Կփորձի՞ արդյոք Ռուսաստանը փարատել Ռոբերտ Քոչարյանի մտահոգությունները ՄՄ-ին անդամակցելու վտանգների մասով: Եթե ոչ, ապա Ռոբերտ Քոչարյանը հանդես կգա՞ ՄՄ-ից հրաժարվելու քաղաքական պահանջով:

Դրանից շատ բան է կախված Հայաստանում իշխանության համար պայքարում, որը թափ է հավաքում 2017-18 թվականներին ընդառաջ: Եթե Ռուսաստանը Սերժ Սարգսյանին տալիս է վերարտադրվելու ազատություն, ապա նկատի ունենալով Հայաստանում որեւէ Մայդանի բացառումը, այդ վերարտադրությունը ամենայն հավանականությամբ դառնում է տեխնիկայի գործ:

Իսկ Սերժ Սարգսյանի ծրագրերում Ռոբերտ Քոչարյանն անկասկած չկա, քանի որ եթե Սարգսյանը Քոչարյանին վերադարձնի իշխանությունը, ապա շատ լավ գիտե, որ Քոչարյանը երկրորդ անգամ սխալը չի կրկնի եւ այն վերստին չի փոխանցի Սարգսյանին:

Քոչարյանն էլ գիտե, որ Սարգսյանը դա գիտե: Եվ երբ Սարգսյանին տրվում է վերարտադրության «ազատությունը» Մոսկվայից, ապա Ռոբերտ Քոչարյանը բնականաբար պետք է փորձի գտնել «մրցակցության» նոր ռեսուրսներ: Այստեղ, ի դեպ, նրա ակնարկն անշուշտ ուղղված չէ միայն Արեւմուտքին: Այլ ակնհայտորեն նաեւ Իրանին:
Բանն այն է, որ Հայաստանի Եվրամիության հետ Ասոցացման գործընթացում շեշտադրելով ՎՈՒԱՄ անդամների ընկերակցության մերժելիությունը, Քոչարյանն ըստ ամենայնի ակնարկում է օրինակ Իրանի ընկերակցությամբ Եվրամիության ուղղությամբ գործակցելու հեռանկարների մասին: Իրանի ուղղությամբ Արեւմուտքը փորձում է կատարել կառուցողական քայլեր, եւ այդ ուղղությունը հաջողությամբ զարգանալու դեպքում, փաստացի հանդիսանալու է Կովկասում աշխարհաքաղաքական միտումների առանցքը:

Նյութը ` lragir.am

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *