Քոչարյան-Պուտին հնդիպումը նախատեսված չէ

Yerkir.am: Պարոն Սողոմոնյան, անցած շաբաթվա վերջին տեղական կայքերից մեկը տեղեկություն տարածեց, համաձայն որի օրերս Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսի հետ: Վերջինս, ըստ նույն կայքի տեղեկությունների, գումար է ստանում Ռոբերտ Քոչարյանից՝ ԱՄՆ-ում նրա լոբբինգն անելու և ամերիկյան կազմակերպությունների միջոցով Ռոբերտ ՔոչարյանիPR-ը կազմակերպելու համար: Որքանո՞վ են այս տեղեկությունները համապատասխանում իրականությանը:

Վիկտոր Սողոմոնյան – Այդ տեղեկությունները որևէ աղերս չունեն իրականության հետ: Նախագահ Քոչարյանը Ջոն Էվանսի հետ չի հանդիպել, թեև պարոն Էվանսը, իմ կարծիքով, այն անձնավորթյունն է, ով միշտ էլ կարող է բարձր ընդունելությունների արժանանալ Հայաստանում: Այդ հոդվածի մնացած «մանրամասները» ևս հորինված են: Հեղինակը չի ստել միայն երկու դեպքում. Ռոբերտ Քոչարյանը, իրոք, ՀՀ նախկին նախագահն է, Ջոն Էվանսն էլ՝ Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ նախկին դեսպանը:

Yerkir.am: Անցած շաբաթ օրը «Հրապարակ» օրաթերթում հարցազրույց էր տպագրվել Ձեզ հետ, որտեղից տեղեկացանք, որ մոտ օրերս Ռոբերտ Քոչարյանը մեկնում է Մոսկվա՝ մասնակցելու «Սիստեմա» ընկերության տնօրենների խորհրդի հերթական նիստին: Ըստ օրաթերթի, սակայն, այդ այցը հիմնականում հետաքրքրական է այն առումով, թե կկայանա՞ արդյոք այդ այցի ընթացքում Ռոբերտ Քոչարյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Ունե՞ք արդյոք այս հարցի պատասխանը:

Վիկտոր Սողոմոնյան – Նախ պետք է ասեմ, որ «Հրապարակի» լրագրողը ինձ նման հարց չի ուղղել, սակայն, ինչպես տեսնում եք, չի վարանել ներկայացնել իր հրապարակումը հենց այդ հարցի շեշտադրմամբ: Կարող էր հարցնել և անմիջապես ստանալ պատասխանը. ոչ, Ռուսաստանի նախագահի հետ հանդիպում այս այցի ընթացքում նախատեսված չէ: Բայց այդպես, թերևս, այնքան էլ հետաքրքիր չէր լինի, ինտրիգը կկորչեր: Ի դեպ, այդ հարցազրույցը վատ իմաստով պարզապես ցուցադրական է: Թերթում հրապարակված նյութը միայն մոտավորապես կապ ունի իմ տված պատասխանների հետ: Նույն հաջողությամբ կարելի էր առանց չարչարվելու և ինձ զանգահարելու՝ կռահելով հարցազրույց հրապարակել «ինձ» հետ:

Ցավոք, այս ամենը հերթական անգամ ցուցադրում է այն աղետալի վիճակը, որում հայտնվել է մեր արդի լրագրությունը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *