Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում է եւ առաջիկայում կխոսի հնարավոր Սահմանադրական բարեփոխումների մասին

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այժմ Հայաստանում է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:

Նա նշեց, որ երկրորդ նախագահը ընտանիքի հետ 3-4 օրով գտնվել է Դուբայում, բայց մարտի 25-ի առավոտյան վերադարձել է Հայաստան:

Ինչ վերաբերում է առաջիկայում նրա՝ հայտարարությամբ հանդես գալուն, գրասենյակի ղեկավարն ասաց, որ այդ մասին ինքը տեղեկություն չունի, բայց 2rd.am-ից ստացած հարցերից մեկին չէին պատասխանել, դա վերաբերում էր հնարավոր սահմանադրական բարեփոխումներին:

«Կարծում եմ՝ առաջիկայում կլինի սահմանադրական բարեփոխումների մասին հարցի պատասխանը, չգիտեմ՝ կոնկրետ երբ, բայց այդ հարցին պատասխանելը մեր օրակարգում է»,- նշեց Վիկտոր Սողոմոնյանը:

Անդրադառնալով ՍԴ-ի երեկվա որոշմանը՝ նա նշեց, որ այդ թեմայով դեռ քննարկում չի ունեցել, բայց շեշտեց, որ եթե արձագանքելու կարիք լինի, կարձագանքեն:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ»-ը տեղեկացել է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն առաջիկա օրերին հանդես է գալու հայտարարությամբ՝ ՀՀ-ում առկա արտաքին եւ ներքին խնդիրների վերաբերյալ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *