Երկրորդ նախագահը չի համագործակցում քառյակի հետ. Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Ազգային ժողովի ոչ իշխանական չորս ուժերի միջեւ համագործակցություն չկա: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ պատասխանելով այն հարցին՝ արդյոք Քոչարյան-քառյակ համագործակցություն հնարավո՞ր է, թե՞ ոչ:

«Նախագահ Քոչարյանի պարբերական անդրադարձները մեր իրականության առավել ցավոտ խնդիրներին հասկանալի պատճառներով կարող էր քառյակի հետ կազմակերպված համագործակցության տպավորություն ստեղծել: Թերեւս, դա է պատճառը, որ այս թեման մամուլի եւ փորձագիտական հանրույթի շրջանում բուռն քննարկման առարկա դարձավ:: Այնուամենայնիվ, մեր եւ քառյակի միջեւ համագործակցություն չկա, եթե այդպիսին չհամարենք քննադատական վերաբերմունքը իշխանության կողմից վարվող քաղաքականությանը տարբեր ուղղություններով: Հնարավո՞ր է արդյոք համագործակցությունը ընդդիմության հետ ինչ-որ ձեւաչափով ապագայում, ասել չեմ կարող, որովհետեւ չգիտեմ»,- ասաց նա:

Նշենք, որ հունիսի 24-ին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը հնարավոր էր համարել քառյակ-Քոչարյան համագործակցությունը: Այս հայտարարությունից հետո արդեն շատ փորձագետներ եւ քաղաքական վերլուծաբաններ համոզմունք հայտնեցին, որ համագործակցությունը միշտ էլ եղել է:

http://news.am/arm/news/216403.html

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *