Ռ.Քոչարյանի գրասենյակի արձագանքը Լեւոն Հայրապետյանի կալանավորմանը

Ճիշտ չէր լինի, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանը վերաբերվում հայ բարերարի կալանավորման փաստին:

«Մենք ափսոսանք ենք հայտնում ազգությամբ հայ գործարարի եւ հայտնի բարերարի կալանավորման կապակցությամբ: Շատ ցավալի է, որ այդ ամենը տեղի է ունեցել:

Ինչ վերաբերում է այս թեմայի համատեքստում մեզ առնչվող հարցերին, որ վերջին օրերին շրջանառվում են մամուլում, ապա պետք է նշեմ հետեւյալը. Ռոբերտ Քոչարյանը ընտրվել է «ԲՖԿ Սիստեմա»-ի անկախ տնօրեն 2009 թվականի հունիսին, այսինքն այն ժամանակ, երբ Սիստեման արդեն մեկ տարի էր, ինչ Բաշնեֆտի սեփականատեր էր դարձել: Սա առաջինը: Եվ երկրորդը. չեմ կարծում, թե ճիշտ կլիներ, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Հուսով ենք, որ Լեւոն Հայրապետյանը կապացուցի իր անմեղությունը եւ երկար ժամանակ չի անցկացնի անազատության մեջ»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ հուլիսի 24-ին Ռուսաստանի Դաշնության հետաքննչական կոմիտեն «Բաշնեֆտ» ընկերության բաժնետոմսերը հափշտակելու եւ անօրինական ճանապարհով ստացված գումարները յուրացնելու մեջ կասկածվող հայ գործարար Լեւոն Հայրապետյանին մեղադրանքներ է առաջադրել ՌԴ քրեական օրենսգրքի 160-րդ (յուրացում կամ վատնում) եւ 174-րդ (անօրինական ճանապարհով ձեռք բերված միջոցների լվացում) հոդվածներով:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *