15 տարի` Եվրոպայի Խորհրդում. mediamax.am

Մեդիամաքս-ը շարունակում է «Հատուկ թղթապանակ» հատուկ նախագիծը, որի նպատակն է ներկայացնել արտաքին քաղաքական իրադարձությունների անհայտ կամ քիչ հայտնի մանրամասները:

2016 թվականի հունվարի 25-ին կմեկնարկի ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը, որի ընթացքում կարող են ընդունվել Հայաստանի եւ Արցախի համար երկու անբարենպաստ բանաձեւեր: Զարմանալի զուգադիպությամբ նստաշրջանը մեկնարկում է հենց այն օրը, երբ լրացավ Եվրոպայի Խորհրդին Հայաստանի անդամակցության 15-ամյակը…

Եվրոպայի Խորհրդին Հայաստանի անդամակցության հանդիսավոր արարողությանը մասնակցելու համար ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը Ստրասբուրգ ժամանեց 2001թ. հունվարի 24-ին: Հաջորդ օրը՝ անդամակցության փաստաթղթերի ստորագրումից հետո, նախագահի եւ Հայաստանից ժամանած խորհրդարանական պատվիրակության ներկայությամբ Եվրոպայի Խորհրդի շենքի դիմաց հանդիսավոր արարողությամբ բարձրացվեց հայոց եռագույնը:

Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը պատմում է, որ հայկական պատվիրակությունը Ստրասբուրգ էր մեկնում շատ բարձր տրամադրությամբ:

«Ստրասբուրգ էինք մեկնում մեծ հույսերով ու խանդավառությամբ: Բոլորս Եվրոպայի Խորհրդին մեր երկրի անդամակցությունը համարում էինք պատմական մեծ իրադարձություն, որով Հայաստանի նորագույն պատմության մեջ նոր էջ էր բացվում: Մեզ համար հստակ ուրվագծվում էր մեր երկրի հետագա ճանապարհը: Դա իսկապես պատմական օր էր: Եվրոպական տարբեր երկրներից Ստրասբուրգ էին եկել հայկական համայնքների ներկայացուցիչներ՝ ներկա գտնվելու հանդիսավոր արարողությանը: Այնտեղ ներկա գտնվող յուրաքանչյուր հայի համար շատ հուզիչ պահ էր, երբ ՀՀ օրհներգի հնչյունների ներքո կազմակերպության շենքի դիմաց բարձրացավ մեր եռագույնը: Այդ օրը մեզ համար տոնախմբության օր էր: Համենայն դեպս, ՄԱԿ-ին մեր երկրի անդամակցությունից հետո դա նման բնույթի երկրորդ կարեւոր իրադարձությունն էր» ,- Մեդիամաքսին պատմել է Վարդան Օսկանյանը:
ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը եւ ԵԽ գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերը ստորագրում են Հայաստանի անդամակցության փաստաթուղթը Ստրասբուրգում 2001թ. հունվարի 25-ին

Հունվարի 25-ի տոնական օրվա վրա որոշակի ստվեր գցող միակ հանգամանքը, թերևս, այն էր, որ նույն օրը Հայաստանի հետ ԵԽ-ի անդամ դարձավ նաեւ Ադրբեջանը, որը էապես զիջում էր Հայաստանին ժողովրդավարության ցուցանիշներով: Հայաստանը դեռեւս ամիսներ առաջ բավարարել էր անդամակցության պահանջները, սակայն եվրոպական ընտանիքին միանալը հետաձգվում էր Ադրբեջանի պատճառով:

«Մեր անդամակցությունը տեղի ունեցավ Ադրբեջանի հետ միասին ոչ այն պատճառով, որ հետ էինք մնում պայմանների բավարարման եւ քաղաքական կամքի ցուցաբերման առումով, այլ որովհետեւ կազմակերպությունը որոշել էր հաշվի առնել ղարաբաղյան հակամարտության առկայությունը եւ անպայմանորեն Հայաստանին եւ Ադրբեջանին ընդունել միաժամանակ: Այլ կերպ ասած, մենք զոհ էինք գնում Ադրբեջանի դանդաղկոտությանը»,- 2013 թ.-ին լույս տեսած «Անկախության ճանապարհով։ Փոքր երկրի մեծ մարտահրավերները (նախարարի օրագրից)» գրքում գրել էր Վարդան Օսկանյանը:
Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները շնորհավորում են միմյանց ԵԽ անդամակցության կապակցությամբ

Սպասվում էր, որ Հայաստանը պետք է անդամակցի Եվրոպայի Խորհրդին 2000 թվականի ընթացքում: Հայաստանի անդամակցության հարցը ներառվել էր ԵԽԽՎ ամառային նստաշրջանի օրակարգում: Նման որոշում կայացվել էր մայիսի 15-ին Դուբլինում՝ ԵԽԽՎ Քաղաքական հանձնաժողովի նիստի արդյունքներով, որին մասնակցում էին ԵԽԽՎ նախագահ Լորդ Ռասել Ջոնսթոնը եւ ԵԽ գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *