Վիկտոր Սողոմոնյան. Ռոբերտ Քոչարյանը լուսանկարվելու չէր գնացել

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն առաջիկայում իր գնահատականները կներկայացնի ապրիլյան քառօրյա պատերազմի և դրա հետևանքների վերաբերյալ, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Հայաստանի երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է Ռոբերտ Քոչարյանը գնահատում քառօրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակը, երբ հայկական կողմը կորցրել է մի շարք մարտական դիրքեր և ունի ավելի քան 100 զոհ:

«Ընդհանրապես այս օրերի իրադարձություններից, այս իրավիճակից, կարծում եմ, նախագահ Քոչարյանը դեռ առիթ կունենա խոսելու, ինքն իր կարծիքը կարտահայտի այս ամենի վերաբերյալ», – ասել է Սողոմոնյանը։

Օրերս Ռոբերտ Քոչարյանն Արցախում հանդիպել էր ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին և քննարկել Ղարաբաղի և Ադրբեջանի սահմանին ապրիլի 2-ից 5-ը տեղի ունեցած պատերազմական գործողություններն ու դրանց հետևանքներին վերաբերող հարցեր:

Թե ինչո՞ւ Քոչարյանի այցի ու հանդիպումների մասին անգամ մեկ լուսանկար չէր հրապարակվել, ինչպես որ դա արվել էր առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի Ղարաբաղ այսի ժամանակ, երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարն ասել է. «Ռոբերտ Քոչարյանը լուսանկարվելու համար չէր Լեռնային Ղարաբաղ գնացել։ Նա որևէ մեկին, որևէ բան ապացուցելու խնդիր չունի»:

Սողոմոնյանի խոսքով՝ Ղարաբաղ այցելելը, զինվորականների ու Ղարաբաղի ղեկավարության հետ շփվելը, Քոչարյանի համար պարբերական բնույթ են կրում: Ինչ վերաբերում է ապրիլի սկզբին պատերազմական գործողությունների օրերին, ապա այդ ժամանակ, ըստ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարի, Քոչարյանն ամենօրյա հեռախոսազրույցների մեջ է եղել Բակո Սահակյանի հետ:

Վիկտոր Սողոմոնյանը հերքել է, թե Վարդան Օսկանյանի հիմնած «Համախմբում» կուսակցության հետ Ռոբեր Քոչարյանը կապ ունի՝ նելով, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ ևս կապում էին երկրորդ նախագահի անունը, բայց հետո «բոլորը համոզվեցին, թե ինչը ինչոց էր»։

«Ազատության» հարցին, թե հնարավո՞ր է, որ առաջիկայում Ռոբերտ Քոչարյանն այնուամենայնիվ համագործակցի նորաստեղծ քաղաքական այդ ուժի հետ՝ հաշվի առելով այն, որ շուրջ մեկ տասնամյակ Վարդան Օսկանյանն ու Քոչարյանը միասին են աշխատել, Վիկտոր Սողոմոնյանը պատասխանել է. – «Որևէ կուսակցության հետ համագործակցությանը պետք է նախ նախորդի Ռոբերտ Քոչարյանի որոշումը՝ ընդգրկվել ակտիվ քաղաքական գործընթացների մեջ, ինչը մինչ օրս չի եղել»։

Սողոմոնյանը հիշեցրել է Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը, որ եթե որոշում կայացնի մտնել ակտիվ քաղաքականություն, ապա անձամբ կհայտարարի այդ մասին։ «Նման հայտարարություն մենք դեռ չունենք։ Ընդհանրապես, նախ պետք է սպասել այդ հայտարարությանը, և հետո արդեն տեսնել համագործակցության ինչ հնարավորություններ կան, կամ այդ ներգրավվումը ակտիվ քաղաքականության մեջ իրենից ինչ է ներկայացնում և այլն։ Այնպես որ, եկեք սպասենք», – ասել է Սողոմոնյանը։

Ճշտող հարցին, թե բացառված չէ՞, որ լինի նման հայտարարություն, Սողոմոնյանը պատասխանել է. «Գիտեք, ձեր խմբագրության մեկ այլ լրագրողին տված հարցազրույցում Քոչարյանն ասել էր՝ «երբեք մի ասա երբեք»։

«Ազատություն» ռադիոկայանի թղթակից Աննա Սոուսին տված բացառիկ հարցազրույցում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չէր բացառել վերադարձը մեծ քաղաքականություն՝ ասելով. «Երբեք մի ասա երբեք» և միաժամանակ ընդգծելով, որ ինքը դեռևս չունի որոշում այս հարցի հետ կապված:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *