Վ. Սողոմոնյան. Լիպարիտյանի պատմածն իրականության հետ առնչություն չունի

Պարոն Սողոմոնյան, երեկ (25.01.2017) «Առավոտ» օրաթերթի կայքում հրապարակվել է Ժիրայր Լիպարիտյանի «Փաթեթային, փուլային և մոռացված պահեր» վերտառությամբ հոդվածը, որտեղ պրն. Լիպարիտյանը հանրությանն է ներկայացրել մինչ օրս անհայտ մի պատմություն: Ըստ դրա, 1997թ. Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Արկադի Ղուկասյանը, Սամվել Բաբայանը և Վազգեն Սարգսյանը կողմ են եղել Ղարաբաղյան կարգավորման փուլային այն տարբերակին, որ առաջարկել է Տեր-Պետրոսյանը (որն այնուհետ ըստ էության շարադրել է «Պատերազմ թե Խաղաղություն» հոդվածում, և հենց նշված անձանց հետ տարաձայնությունների արդյունքում հրաժարական տվել): Ծանո՞թ եք արդյոք այդ հրապարակմանը և ինչպե՞ս կմեկնաբանեք այն:

– Այո, ես ծանոթ եմ այդ հրապարակմանը և ավելին. ընթերցելուն պես քննարկել եմ այն և Ռոբերտ Քոչարյանի, և հիշատակված մյուս անձանցից ոմանց հետ: Միանգամից ասեմ, որ պրն. Լիպարիտյանի պատմածը որևէ առնչություն չունի իրականության հետ: Բացի անուն-ազգանուններից՝ մնացածը պարզապես սուտ է: Ոչ այդ կազմով ղարաբաղյան կարգավորման քննարկում է եղել, ոչ լողավազանի շուրջ անվտանգության խորհրդի նիստ, թեկուզ և ոչ պաշտոնական, ոչ էլ ընդհանրապես՝ փուլային տարբերակի ողջունման հավաք: Յուրաքանչյուր ոք, ով տեղյակ է իրողություններին և ճանաչում է Լիպարիտյանի ներկայացրած պատմության գործող անձանց, կհաստատի, որ դրա բովանդակությունը, մասնակիցների ասելիքը, իրար դիմելու ձևը, բառապաշարը՝ այս ամենը աղերս չունի իրականության հետ:
Այնպես որ, միակ հարցը, որ ծագում է այս հրապարակումից հետո, հետևյալն է. ինչ է սա՝ հիշողության աղճատում թե պատմական իրողությունները սեփական սխալներին հարմարեցնելու փորձ: Ցավոք, երկու տարբերակն էլ ավելի քան հնարավոր են:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *