Հանրապետության նախագահն ասել է, որ փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչների հետ նախորդ հանդիպումից հետո բավականին քայլեր են արվել թե ընդհանուր դաշտի բարելավման, եւ թե կոնկրետ խնդիրների լուծման ուղղությամբ:
Կարեւորելով պարբերաբար նման հանդիպումները, Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ դրանք հնարավորություն են տալիս ավելի լավ պատկերացում ունենալ, թե ինչ վիճակ է տիրում ոլորտում, ինչ խոչընդոտող հանգամանքներ կան, եւ ինչ կարելի է անել աշխատանքները բարելավելու համար:
Խոսելով ոլորտի ընդհանուր տենդենցի մասին, Նախագահն ընդգծել է, որ 2003թ համախառն ներքին արդյունքի կառուցվածքի մեջ փոքր ու միջին բիզնեսի արտադրանքի ծավալը կազմում է 38 տոկոս, ինչը բավականին լուրջ ցուցանիշ է եւ նշանակում է, որ փոքր ու միջին բիզնեսն աստիճանաբար ոտքի է կանգնում: “Հասկանալի է, սակայն, որ դեռեւս կան բազմաթիվ խնդիրներ, խոչընդոտներ կապված տարբեր կառույցների աշխատանքի հետ, եւ ես պատրաստ եմ այսօր ձեզ հետ միասին քննարկել այդ հարցերը”,-նշել է երկրի ղեկավարը:
Այնուհետեւ ծավալված զրույցի ընթացքում հանդիպման մասնակիցները բարձրացրել են ընդհանուր բնույթի եւ կոնկրետ բազմաթիվ խնդիրներ: Խոսվել է հարկային եւ մաքսային վարչարարության կատարելագործման անհրաժեշտության, հավասար մրցակցության մասին: Գործարարներից շատերը նշել են, որ ունեն աշխատուժի ներգրավման հետ կապված դժվարություններ եւ կարեւոր են համարել Հայաստանում պրոֆտեխնիկական կրթության համակարգի ձեւավորումը:
Անդրադառնալով բարձրացված խնդիրներին, Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ բոլոր հարցերը կամփոփվեն, դրանց լուծման եղանակները կքննարկվեն եւ կտրվեն կոնկրետ հանձնարարականներ: Նրա խոսքով, որքան արդյունավետ ու քաղաքակիրթ աշխատեն պետական կառույցներն, այնքան ավելի քիչ կլինեն խնդիրները: