1in.am. Ժողովրդագրական արդյունավետ տարիներ

Հատված ԱԺ. ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանի հետ հարցազրույցից

– Պարոն Մինասյան, Դուք երկրորդ նախագահի հետ ճանապարհ եք անցել, նա էր, որ բանտերից ազատեց դաշնակցականներին և ինչ-որ չափով հենվեց այն քաղաքական պլատֆորմի վրա, որը Դաշնակցությունն էր ներկայացնում: Այսօր, երբ հիմնական դերակատարները Սերժ Սարգսյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանն են, և հասկանալի է, որ այնտեղ իրեն` որպես օրակարգի կարևոր բաղկացուցիչ, տեսնում է նաև Ռոբերտ Քոչարյանը, ի՞նչ է պատրաստվում անել Դաշնակցությունը Ռոբերտ Քոչարյանի հետ: Արդյո՞ք Ռոբերտ Քոչարյանի քաղաքական նկրտումների մաս կարող է կազմել Դաշնակցությունը, և եթե նա քաղաքական դաշտ վերադառնալու հայտ ներկայացնի,- Ռուսաստանի օրինակով,- “ազգային ճակատի” կարգախոսի ներքո` նույն Ղարաբաղի, հայ-թուրքական հարցով, եթե ընդվզողը և հակազդողը այս գործընթացներին լինի Ռոբերտ Քոչարյանը ` Դաշնակցությունը կլինի՞ այդ ճամբարում:

– Որքան որ հանիրավի կերպով մեր ընկերները բանտում նստած էին, և այն ժամանակ և հիմա էլ ասում եմ, որ ՀԱԿ ներկայացուցիչներից ոմանք մեր ընկերներին քաղբանտարկյալ չէին համարում և օրինակ` քաղբանտարկյալ են համարում մարդու, ով ՔԿՀ-ում լինելով պատասխանատու պաշտոնական անձ, գլուխ և ոտ էր կոտրում` նրան են համարում քաղբանտարկյալ, որքան էլ, որ մարդկային առումով ես շփում ունեցել եմ Մուշեղ Սաղաթելյանի հետ, այդ թվում` Մարտի 1-ից հետո, երբ նա կալանավորված էր և դատապարտված, բայց կա ստանդարտների հստակ մոտեցում: Ակնհայտ է, որ այդ հանիրավի դատապարտումները մի օր պետք է վերանային, և դրան վերջ տվեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Կար հստակ պատկերացում ղարաբաղյան հարցում, որ մենք չենք զիջելու, և այսօրվա նույն իշխանության ուղնուծուծը կազմող ՀՀԿ առաջնորդ Վազգեն Սարգսյանն էր այդ մոտեցման կրողը, ով դարձավ հիմնական դերակատարներից մեկը, առաջին նախագահին քաղաքական ասպարեզից հեռացնելու համար: Մենք ունեցել ենք 10 տարվա համագործակցություն, մենք եղել ենք իշխանության մաս, ցավոք` ոչ ամբողջական իշխանություն, և հնարավորություն չենք ունեցել մեր ամբողջ ծրագրերը կյանքի կոչելու, եղել է ազգային հարցերում փոխըմբռնման հնարավորություն, որ մենք այդ դաշտում զիջելու ոչինչ չունենք, և սա պահել է մեզ իշխանության հետ սերտ համագործակցության մեջ:

– Պարոն Մինասյան, դուք եղել եք իշխանության, երբ Ռոբերտ Քոչարյանը ընդհանուր պետության շուրջ էր համաձայնության գալիս Ղարաբաղի հարցում, երբ որ տարածքների փոխանակման ճանապարհով Քի Վեսթի շուրջ էր համաձայնության գալիս: Սրանք որքանո՞վ են ընդունելի ՀՅԴ համար:

– Դրանք ընդունելի չեն եղել մեզ համար, և մենք դրա մասին հայտարարել ենք, որ այլ բան է, երբ դիվանագիտական հնար ես գործադրում, այլ բան է ներքին համոզումը` դու ինչի ես գնում: Մեզ համար եղել է գլխավոր երկու խնդիր` ստատուս քվոյի պահպանմանը զուգահեռ իրականացնել Ղարաբաղում և ազատագրված տարածքներում վերաբնակեցման ծրագրեր, և երկրորդ կարևոր քայլը` երկրում իրականացնել այնպիսի բարեփոխումներ, որ հնարավորություն կտա ամրացնել ժողովրդին սեփական երկրում պահելու ձգտումը: Միակ ժամանակաշրջանը, երբ Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը ունեցել են ժողովրդագրական աճ,- նկատի ունեմ մեկնողների և ժամանողների հարաբերակցությունը,- դա եղել է 2004-2006 թվականները, այսինքն` այն ժամանակահատվածը, երբ Դաշնակցությունը ակտիվորեն համագործակցում էր և գտնվում էր կոալիցիոն հարաբերության մեջ:

1in.am

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *