Քոչարյանի այցը Բելգիայի թագավորություն Ազատություն ռադիոկայանի լուսաբանմամբ

Հունիսի 5-ին Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած ներկայացուցչական պատվիրակությունը մեկնելու է Բրյուսել, ուր հանդիպումներ կունենա ինչպես Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի ղեկավարների ու բարձրաստիճան պաշտոնատարների, այնպես էլ Բելգիայի իշխանությունների հետ: Ծրագրված են Հայաստանի նախագահի հանդիպումները Եվրախորհրդարանի նախագահ Նիկոլ Ֆոնտենի, Եվրահանձնաժողովի նախագահ Ռոմանո Պրոդիի, անվտանգության եւ արտաքին քաղաքականության հարցերի գծով Եվրամիության պատասխանատու Խավիեր Սոլանայի հետ:

“Մենք գործուն քայլեր ենք ձեռնարկում մերձենալու եվրոպական ինստիտուտներին, եւ դա Հայաստանի համար բնականոն գործընթաց է”,- ասել է Ռոբերտ Քոչարյանը նախագահի մամլո գրասենյակի կողմից տարածված՝ Մեդիամաքս գործակալությանը տված հարցազրույցում: – “Մեր երկիրը միշտ էլ իրեն զուգորդել է Եվրոպայի հետ… Մեր միջեւ գոյություն ունեն դարավոր պատմական եւ մշակութային կապեր, մեր սկզբունքներն ու նպատակները, ժողովրդավարության զարգացման եւ ամրապնդման վերաբերյալ մոտեցումները համահունչ են”:

Չորեքշաբթի օրը հանդիպում է ծրագրված նաեւ ՆԱՏՕ-յի գլխավոր քարտուղար Ջորջ Ռոբերթսոնի հետ: Նախատեսվում է քննարկել “գործընկերություն՝ հանուն խաղաղության” ծրագրով Հայաստան – ՆԱՏՕ հարաբերությունները: Արդրադարձ կլինի նաեւ տարածաշրջանային անվտանգության եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա փուլին:

Նախատեսված են Հայաստանի նախագահի հանդիպումները Բելգիայի թագաժառանգի, Սենատի նախագահի, այլ բարձրաստիճան ղեկավարների հետ: Դրանց արդյունքում կստորագրվի երկկողմանի երեք փաստաթուղթ, որոնք վերաբերում են ներդրումների խրախուսմանը եւ պաշտպանվածությանը, եկամուտների եւ հարկերի կրկնակի հարկումից խուսափելուն եւ օդային հաղորդակցությանը:

Հայաստանի համագործակցությունը Եվրամիության երկրների հետ բավական արդյունավետ է. 2000 թ. տվյալներով, այդ երկրների արտահանումը Հայաստանի ընդհանուր առեւտրաշրջանառության ծավալի մեջ կազմել է 36, ներմուծումը՝ 34 տոկոս:

Քոչարյանի առաջիկա այցի առիթով կազմակերպված ասուլիսում, պատասխանելով լրագրողների՝ Մինսկի գագաթաժողովի արդյունքներին վերաբերող հարցերին, նախագահի խոսնակ Վահե աբրիելյանը որեւէ լույս չսփռեց գագաթնաժողովի շրջանակներում տեղի ունեցած Քոչարյան – Ալիեւ – Պուտին հանդիպման վրա, որին պաշտոնական Երեւանը որեւէ կերպ դեռեւս չի արձագանքել: Վահե աբրիելյանն ասաց, որ նախագահների միջեւ տարածայնությունները շարունակվում են, եւ հաջորդ հանդիպման ժամկետները դեռեւս ճշտված չեն:

Պատասխանելով բանակացությունների ձախողմանը վերաբերող հարցին, Վահե աբրիելյանն ասաց. “Չէի ցանկանա ասել, թե բանակցությունները ձախողվել են կամ ինչ-որ հրաժարում է տեղի ունեցել… Որոշակի սկզբունքներ ձեւավորվել են՝ այսպես կոչված “փարիզյան սկզբունքները”, եւ Հայաստանը պատրաստ է այդ սկզբունքների շրջանակներում շարունակել բանակցությունները”:

Հրաչ Մելքումյան
azatutyun.am

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *