Top-News.am. Նախագահների ելույթները ԵԽԽՎ-ում

Հուլիսի 22-ին Սերժ Սարգսյանը ելույթ ունեցավ ԵԽԽՎ-ում: Բնականաբար, հայաստանյան լրատվամիջոցները չէին կարող աչքաթող անել այս իրադարձությունը: Այսուհանդերձ, հետաքրքիր է, թե լրատվամիջոցները ելույթի եւ հարց ու պատասխանի որ հատվածն են ընդգծել:

“Լրագիրը” կարեւորել է այն, որ Սերժ Սարգսյանին հարց է ուղղել Զարուհի Փոստանջյանը: Նա հարցրել է, թե արդյոք Սերժ Սարգսյանը չի կամենում ինքը նախաձեռնել բարեփոխումներ եւ ինքնակամ հեռանալ: “Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե Հայաստանում բարեփոխումներ են ընթանում, եւ իշխանությունը կոչ է արել ընդդիմությանը մասնակցել այդ բարեփոխումներին”,- տեղեկացնում է ինտերնետային պարբերականը եւ շարունակել, թե Սերժ Սարգսյանը Զարուհի Փոստանջյանին կոչ է արել ակտիվորեն մասնակցել բարեփոխումներին, ակտիվորեն մասնակցել հերթական ընտրություններին: “Լրագիրը” ուշադրություն է դարձնում այն փաստին, որ Սարգսյանն ընդգծել է, թե Հայաստանում անվստահություն կա ընտրությունների հանդեպ:

“Լրագիրը” համոզված է, որ պատասխանելով պատվիրակներից մեկի հարցին Սարգսյանը սենսացիոն հայտարարություն է արել: Նա ասել է, որ Հայաստանն իր ժողովրդին խաղաղության է պատրաստում, իսկ Ադրբեջանն իր ժողովրդին պատրաստում է պատերազմի: “Սակայն սենսացիան իհարկե շարունակությունն է: Ըստ Սերժ Սարգսյանի, խաղաղության հարցում առավելությունը Հայաստանինն է, բայց “Աստված մի արասցե, եթե հանկարծ պատերազմ լինի, ապա առավելություն կունենա Ադրբեջանը, որովհետեւ իր ժողովրդին քսան տարի շարունակ պատրաստում է պատերազմի”: Սերժ Սարգսյանը միգուցե ուզել է մի բան ասել, ստացվել է բոլորովին այլ բան: Սակայն գուցե հարկ է նման պատասխանատու ամբիոններից ելույթ ունենալուց առաջ լավ պատրաստվել եւ կանխատեսել հնարավոր հարցերն ու նախապես մշակել ասելիքը”,- ընդգծել է “Լրագիրը”:

Պարբերականը գրում է, որ Սարգսյանն անդրադառնալով մարտի 1-ին` ասել է, թե դիմել են փորձագիտական օգնության համար բոլոր երկրներին, եւ մարդու իրավունքի հանձնակատար Համմարբերգը միակն է եղել, որ այդ հարցում օգնություն է ցուցաբերել փորձագետով:

“Նեոնյուզը” ուշադրություն է դարձրել պատերազմի եւ խաղաղության վերաբերյալ Սերժ Սարգսյանի հայտնած մտքին: Սերժ Սարգսյանի ելույթի այս հատվածին է անդրադարել նաեւ “Առաջին լրատվականը”:

“Սերժ Սարգսյանի ԵԽԽՎ ելույթը գնահատելը բավական դժվար է: Դժվար է ոչ այն պատճառով, որ այն դեռ պետք է մարսել: Պարզապես դժվար է գնահատել մի բան, որ իրենից ըստ էության ոչինչ չէր ներկայացնում»,- բավական կտրուկ գրել է «Առաջին լրատվականի” մեկնաբանը:

“7օր”-ը ուշադրություն է դարձրել այն փաստին, որ Սերժ սարգսյանն ընդգծել է, թե հայաստանում արտահերթ ընտրություններ չեն լինելու: Իսկ “News.am”-ը ուշադրություն է հրավիրում այն փաստին, որ Սերժ Սարգսյանը արտահերթ ընտրություններ անցկացնելու մտադրություն չունի, եւ որ համոզված է, որ ԼՂ խնդիրը չպետք է թողնել հաջորդ սերունդներին: Պարբերականն ընդգծում է նաեւ, որ Սերժ սարգսյանը համոզված է, որ Մադրիդյան սկզբունքները հնարավորություն են տալիս հասնել արդար կարգավորման:
Ընդգծենք, որ էլեկտրոնային լրատվամիջոցների գերակշիռ մասը հիմնական ուշադրությունը դարձրեկ էր հենց վերոհիշյալ խնդիրներին:

Մի անմեղ զուգադիպությամբ www.2rd.am կայքը անդրադարձել է Եվրոպայի Խորհրդարանական վեհաժողովում երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի ելույթին: “Հպարտություն ներշնչող ելույթ”. այսպես է վերնագրված նյութը: Ներկայավցած է նաեւ հարց ու պտասխանի տեսագրությունը:

Ծավալուն նյութից այնուհանդերձ առանձնացնենք մի հետաքրքիր հատված, որը վերաբերում է Կովկասին եւ հայ-թուրքական հարաբերություններին.

“Հարավային Կովկասը միշտ էլ զգայուն տարածաշրջան է եղել արտաքին ազդեցությունների նկատմամբ: Այն գտնվում է քաղաքակրթությունների խաչմերուկում եւ, հաշվի առնելով նրա էներգետիկ եւ տարանցիկ ներուժը, միշտ էլ եղել է մեծ հետաքրքրությունների ոլորտ: Այդ հանգամանքը մեզ մղել է մշակել կոմպլեմենտար արտաքին քաղաքականություն, որի էությունն հետեւյալն է. Հայաստանը շահ է փնտրում համաշխարհային եւ տարածաշրջանային տերությունների հակասությունների հարթեցումից, այլ ոչ թե` դրանց ուժգնացումից: Այդ մոտեցումը մեզ հնարավորություն է տվել վստահելի հարաբերություններ հաստատել ԱՄՆ-ի, Եվրոպական Միության եւ Իրանի հետ, ամրապնդել ավանդական մերձավորությունը Ռուսաստանի հետ: Մենք հավատում ենք խաղաղությանն ու համագործակցությանը Հարավային Կովկասում:

Հատկապես կուզեի անդրադառնալ հայ-թուրքական հարաբերություններին, ավելի շուտ` դրանց բացակայությանը: Իրականությունն այն է, որ այդ հարաբերությունները ծանրաբեռնված են անցյալի ժառանգությամբ` Եղեռնով, դրա հետեւանքներով եւ ապաշխարանքի բացակայությամբ: Այսօր իրավիճակը դժվարանում է Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակմամբ: Ես կուզեի հնչեցնել երկու սկզբունք, որոնք իմ կարծիքով անհրաժեշտ են փակուղուց դուրս գալու համար:

Առաջինը. գործնական կապերի կարգավորումը եւ ժառանգած խնդրի քննարկումը պետք է տեղի ունենան տարբեր հարթություններում եւ չկապվեն միմյանց հետ:
Երկրորդը. հայ-թուրքական հարաբերությունները չպետք է պայմանավորվեն երրորդ երկիր հետ մեր հարաբերություններով /Ադրբեջան/: Նախապայմաններ պարտադրելու ցանկացած փորձ զրոյի է տանում յուրաքանչյուր հեռանկար”:

Ժամանակին Ռ. Քոչարյանի ելույթը քաղաքական եւ հանրային շրջանակներում մեծ աշխուժություն էր առաջացրել: Շատերը այդ ելույթը գնահատում էին կոշտ-հայրենասիրական հարթության մեջ, որտեղ շեշտված էր միակողմանի զիջողականության անթույլատրելիությունը: Թեեւ հանուն ճշմարտության նշենք, որ այսօրվա որոշ ընդդիմադիր շրջանակներ կոշտ քննադատության ենթարկեցին այն:

Այնուամենայնիվ շատ հետաքրքիր է 2004 թվականի ելույթը քննարկել այսօրվա իրականության շրջանակներում` մանավանդ, որ բացի ԵԽԽՎ-ից ամեն ինչ կարծես թե փոխվել է:

Top-news.am

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *