Խելացի երիտասարդները խրախուսվում են

Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի լավագույն ուսանողներն ու աշակերտները Սինոփսիսի շաբաթվա ընթացքում այսօր ստացել են հանրապետության Նախագահի ամենամյա կրթական պարգեւները: 2005 թվականին Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հավանությամբ Սինոփսիսը համաձայնություն կնքեց “Հայաստան” համահայկական հիմնադրամի հետ` ՏՏ ոլորտում լավագույն ուսանողների համար ամենամյա կրթական պարգեւ սահմանելու վերաբերյալ: Մրցանակները շնորհվում են բարձր առաջադրմություն ունեցող ուսանողներին, որոնք ակտիվորեն մասնակցում են սոցիալական ծրագրերի, գիտական հոդվածների հեղինակներ են:

Այսօր նախագահի կրթական պարգեւները հանձնվել է 30 ուսանողի ու աշակերտի:

Հանրապետության 30 լավագույն ուսանողներից ու աշակերտներից Հենրիկը միակն է, որ չգիտի` ինչ մրցանակ է իր համար սահմանվել նախագահական նստավայրից: Եկել է Գյումրիից, մասնակցել “Սինոփսիս” ընկերության սահմանած մրցույթին ու միայն իմացել, որ արժանանում է պարգեւի: Տարիքով ամենափոքր մրցանակակիրն անհամբերությամբ է սպասում ցանկացած նվերի:

Հենրիկ. “Մեզ կանչեցին առանձին սենյակ, հարցեր տվեցին, հարցերը հիմնականում տրամաբանական հարեր էին եւ նաեւ բնության, բուսաբանության մասին հարցեր եւ հետո տնօրենն ասեց, որ հաղթել ենք 2 հոգի”:

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հանրապետության նախագահի կրթական պարգեւի մրցանակաբաշխության հանձնաժողովը հայտարարում է, որ Հենրիկը հայտնություն էր ու 12 ամյա պատանին պարգեւատրվում է հատուկ շնորհակալագրով ու գրքերով:

Եվս 30 ուսանող ու աշակերտ այսօր ստանում են հանրապետության նախագահի կրթական պարգեւ` 100-ից մինչեւ 1000 դոլարին համարժեք դրամ եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը խորհրդանշող հուշանվերներ:
Արդեն 4-րդ տարին է` “Սինոփսիս” ընկերությունը բացահայտում է տեղեկատվական ոլորտի ապագա առաջամարտիկներին: Մրցանակներ ստանալու համար աշակերտներն ու ուսանողները պետք է ունենան բարձր առաջադիմություն, մասնակցեն սոցիալական ծրագրերի, հայաստանյան միկտոէլեկտրոնիկայի օլիմպիադային: Կազմկոմիտեն ընտրություն է կատարել 110 ուսանողի եւ աշակերտի միջեւ:

Հովիկ Մուսայելյան, “Սինոփսիս Արմենիա” ընկերության գործադիր տնօրեն. “Այս տարիների ընթացքում մենք հանդիպել ենք այնպիսի տաղանդաշատ աշակերտների եւ ուսանողների եւ նրանք իրենց գաղափարներով այնպես են ցնցել մեզ, որ մենք հատուկ մրցանակներ ենք շնորհել նրանց”:

Ռիչ Գոլդման, “Սինոփսիս Արմենիա” ընկերության գլխավոր գործադիր տնօրեն. “Հայաստանն այս ոլորտում մեծ հնարավորություններ ունի: Մենք գտնվում ենք փոփոխությունների նախաշեմին եւ զգում ենք, որ Հայաստանը ուժեղացնում է իր ռեսուրսները: Սակայն իր հիմնական ռեսուրսը այս հայ երիտասարդներն են, այն տաղանդավոր մարդիկ, որոնց մտավոր ներուժից հարկավոր է օգտնվել: Հենց դուք եք դառնալու Հայաստանի ապագան”:

Այս տարի կոմիտեն ընդլայնել է անվանակարգերի ցանկը, սփյուռքահայ 2 ուսանող զբաղեցնում են առաջին եւ երկրորդ կարգեր:

Մրցանակաբաշխությունից հետո հաղթողներին սպասում է հիշարժան մեկ այլ արարողակարգ եւս, նախագահի նստավայրում:

Երկիր Մեդիա

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *