Այսօր սկսվել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի երկօրյա աշխատանքային այցը Իրանի Իսլամական Հանրապետություն: Նախատեսվում է, որ հայ-իրանական հանդիպումների հիմնական թեման կդառնա Իրան – Հայաստան կառուցվող գազատարը:
2005 թվականին սկսված՝ 41 կիլոմետր երկարությամբ եւ 124 միլիոն դոլար արժողությամբ գազատարի առաջին հատվածի շինարարությունը ծրագրված է ավարտել 2007 թվականի սկզբին, իսկ երկրորդ մասի շինարարության եւ հատկապես դրանում ռուսական կողմի մասնակցության հարցը Ռոբերտ Քոչարյանի եւ Իրանի նախագահի խոսակցության թեման է դառնալու:
Քոչարյանը եւ Ահմադինեջադը նախ դեմ առ դեմ հանդիպեցին, ապա բանակցությունները շարունակվեցին ընդլայնված ձեւաչափով:
Ահմադինեջադը Հայաստանի նախագահին ընդունել է նախագահական նստավայրում: Իրանի նախագահը ասել է, թե հանդիպումը նոր քայլ կարող է լինել հայ-իրանական կապերի շարունակության համար:
Ռոբերտ Քոչարյանը, իր հերթին, կարծիք է հայտնել, որ իրենց հանդիպումն իսկապես կարող է առաջընթաց դառնալ երկու երկրների հարաբերությունների խորացման համար:
Օրվա երկրորդ կեսին նախագահ Քոչարյանը հանդիպել է նաեւ Իրանի արտգործնախարար Մոթաքքիի հետ:
Հայաստանի նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են արտգործնախարար Վարդան Օսկանյանը, Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը:
Աստղիկ Բեդեւյան, Պրահա
azatutyun.am