Բացվեց Հայաստան – սփյուռք երկրորդ խորհրդաժողովը

Երկուշաբթի օրը Երեւանում հայկական սփյուռքի 45 երկրներ, ինչպես նաեւ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը ներկայացնող մոտ երեք հազար պատվիրակների մասնակցությամբ իր աշխատանքը սկսեց Հայաստան – սփյուռք երկրորդ խորհրդաժողովը:

“Օրն եկել է, բարին հետը, աշխարհաժողով է Ծիծեռնակաբերդի բարձունքում”, – ողջույնի իր խոսքում ասաց Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը: Իսկ Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը խորհրդաժողովի առաջնային առաքելությունը համարեց պարզելը, թե ինչ է ուզում Հայաստանը սփյուռքից, եւ սփյուռքը իրապես ինչ կարող է տալ Հայաստանին:

Խորհրդաժողովում ելույթ ունեցավ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նա նախ գնահատեց 1999 թվականին կայացած Հայաստան – սփյուռք առաջին խորհրդաժողովից հետո անցած երեք տարիները եւ այդ ընթացքում կատարված աշխատանքները:

“Մենք մի գործընթաց ենք սկսել, որ ունի սկիզբ, բայց չունի ավարտ։ Հայաստանը եւ սփյուռքը միշտ լինելու են, եւ արդյունավետ համագործակցության հարցը միշտ լինելու է համահայկական օրակարգում։ Սա հասարակ գործընթաց չէ, եւ պահանջում է ազգային ներուժի մեծ լարում։ Այս պահին դժվար թե հնարավոր է ճշգրիտ ծրագրավորել ընթացիկ արդյունքները”, – ասաց նախագահը, Հայաստան – սփյուռք հարաբերություններում ամենանպատակահարամար ձեւաչափը համարելով համագործակացությունը առանձին ծրագրերի շուրջ, որոնք կարելի որոշակիացնել հենց համահայական խորհրդաժողովների ընթացքում:

Ծրագրերի շարքում նախագահ Քոչարյանը առաջինը խոսեց Հայաստանը տարածաշրջանային բժշկական եւ կրթական կենտրոնի վերածելու անհրաժեշտության մասին: Բարեգործությանն անդրադառնալով, նախագահը փաստեց, թե դեռ չի հաջողվել գտնել այնպիսի օրենսդրական լուծումներ, որոնք հնարավոր կդարձնեին բարեգործական գործունեությունը առանց վարչական խոչընդոտների ու ձգձգումների:

Ռոբերտ Քոչարյանը առանձնակիորեն ծանրացավ տնտեսական հարցերի վրա, ասելով, թե նպատակը համաշխարահային տնտեսության մեջ Հայաստանի ինտեգրվելն է: Քանի որ այս հարցում մեծ են սպասելիքները, սփյուռքի հետ արդեն իսկ կազմակերպվել է 17 տնտեսական խորհրդաժողով:

Լեռնային Ղարաբաղի խաղաղ գործընթացը ներկայացնելով խորհրդաժողովի մասնակիցներին, Քոչարյանը խոսեց հայկական կողմի զիջումների հնարավար սահմանների մասին:

“Անկախության եւ անվտանգության փաստացի մակարդակը։ Ահա, սա է այն սահմանը, որից այն կողմ Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում մենք չենք կարող զիջման գնալ”, -ասաց Ռոբերտ Քոչարյանը, շարունակելով. – “ԼՂՀ-ն պետք է մնա հայ ժողովրդի ուշադրության կենտրոնում… Ինձ չեն գոհացնում Հյուսիս-Հարավ մայրուղու կառուցման տեմպերը։ Բավարարված չեմ Ղարաբաղի տնտեսության մեջ արված ներդրումների ծավալներով”:

Խոսելով հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խնդրի մասին, նախագահ Քոչարյանը շեշտեց, որ “այն շարունակում է մնալ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության եւ սփյուռքի օրակարգում”։ “Վերջին տարիներին մենք վկան եղանք մի շարք երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման իրողությանը։ Գործընթացը շարունակվում է”, -ասաց Ռոբերտ Քոչարյանը։ – “Հարցի հաջող լուծումը ենթադրում է սփյուռքի բոլոր կազմակերպությունների եւ մեր պետական կառույցների հետեւողական ու կոորդինացված գործունեություն”։

“Առաջարկում եմ մտածել եւ գործել մասշտաբայնորեն”, – իր խոսքը եզրափակեց Հայաստանի նախագահը։

ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը իր ելույթում մասնակիցներին կոչ արեց ներդրումներ կատարել Արցախում: “Լեռնային Ղարաբաղում ներդրված յուրաքանչյուր դրամը աշխատելու է խախաղության օգտին”, – ասաց Լեռնային Ղարաբաղի նախագահը:

Արտագաղթի, կլանային համակարգի, կաշառակերության եւ առհասարակ Հայաստանում օտարերկրյա բիզնեսի ծավալմանը խոչընդոտող այլ դրսեւորումների մասին խոսեցին ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամայանը: “Այս երեւույթների դեմ չպայքարելու պարագայում, մասշտաբային ներդրումներն ու տնտեսական առաջընթացը կմնան միայն բարի ցանկություններ”, – ասաց Արա Աբրահամյանը:

Խորհրդաժողովի մասնակիցները մինչեւ վաղը երեկո կաշխատեն առանձին աշխատանքային խմբերում: Իսկ հանրագումարի բերված առաջարկները հռչակագրի տեսքով կընդունվեն վաղը օրվա վերջին կայանալիք Հայաստան – սփյուռք երկրորդ խորհրդաժողովի եզրափակիչ նիստում:

Խորհրդաժողովի շրջանակներում այսօր կառավարության նիստերի դահլիճում բացվեց հայկական արտադրության ապրանքատեսակների ցուցահանդես:

Արմեն Զաքարյան, Երեւան
azatutyun.am

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *