Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը վերջին տարիներին, ավելի ճշգրիտ 2004 թվականի մայիսի 20-ից, երբ հիմնվեցին Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառում ՀՀ նախագահի մրցանակները, աշխատանքներ է անցկացնում հանրապետության բնակչության մասսայական սպորտի եւ առողջ ապրելակերպի ներդրման ուղղությամբ:
Այն արմատավորելու համար նախարարությունն արդեն վեց տարի անցկացնում է “Լավագույն մարզական ընտանիք” մրցույթը եւ “Լավագույն քաղաքային մարզական համայնք”, “Լավագույն գյուղական մարզական համայնք”, “Լավագույն մարզական բակ” ստուգատեսներ:
Այսօր մեր սպորտային այրերը ամփոփեցին 2009 թվականի արդյունքները եւ անվանեցին լավագույններին: Լավագույն քաղաքային մարզական համայնք է ճանաչվել Կոտայքի մարզի ք.Աբովյանը: ՀՀ նախագահի հրամանով քաղաքապետարանը պարգեւատրվեց 1,5 մլն դրամով: Երկրորդ մրցանակը հանձնվեց Սյունիքի մարզի ք. Կապանին, 3-րդը` Արարատի մարզի ք. Արտաշատին (վերջիններիս հանձնվեցին միայն վկայագրեր):
Տարվա լավագույն գյուղական մարզական համայնքի մրցանակը` 1 մլն դրամը, հանձնվեց Արագածոտնի մարզի գյուղ Արագածին: 2-րդ եւ 3-րդ տեղերի վկայագրերի արժանացան գ. Ազատանը (Շիրակի մարզ) եւ գ. Մարգահովիտը (Լոռու մարզ):
Լավագույն մարզական բակի կոչմանը արժանացավ Երեւանի Արշակունյաց փ. 48/2 բակը, որի համար Շենգավիթի համայնքը ստացավ 1,5 մլն դրամ պարգեւ: Մեկ միլիոն դրամ կստանա Չարենցավանի քաղաքապետարանը` “Կռունկ” համատիրության 1-ին թաղամասի բակի համար (2-րդ տեղ), 500 հազար դրամ` Վանաձորի քաղաքապետարանը` տեղի Բելոռուսական թաղամասի բակի համար (3-րդ տեղ):
Մարզական փառատոններ լավագույնս կազմակերպելու համար գավաթներով պարգեւատրվեցին հանրապետության երեք քաղաքները` Կապանը, Էջմիածինը եւ Իջեւանը:
Ինչպես հայտնեցին ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունից, դրամական պարգեւներ ստացած համայնքներն ու քաղաքապետարանները կանոնակարգով այդ գումարները պետք է ծախսեն միմիայն մարզական նպատակների համար (մարզագույքի ձեռքբերում, փառատոնների, մրցումների անցկացում եւ այլն):
“Ա1+ ՍՊՈՐՏ”