Հայաստանը Ռուսաստանի միակ եւ իրական դաշնակիցն է

Սոչիում կայացած Քոչարյան-Պուտին հանդիպման ժամանակ քննարկման հիմնական թեմաներից է եղել հայ-ռուսական ռազմական համագործակցությունը, որը մեր երկու երկրների միջեւ ամենադինամիկ զարգացող ուղղությունն է:

Հայաստանը Ռուսաստանի հետ ռազմական բնագավառում համագործակցում է ոչ միայն Կոլեկտիվ անվտանգության պայմանագիր կազմակերպության շրջանակներում, այլ նաեւ այդ համագործակցությունը կրում է ուղղակի բնույթ:

Ի տարբերություն ռազմական համագործակցության` մյուս բնագավառներում երկկողմ հարաբերությունները նախագահների կողմից գնահատվել են ոչ բավարար: Փաստորեն, հայ-ռուսական հարաբերություններում վերջին շրջանում սկսվել է կարեւորվել տնտեսական ուղղությունը, ինչն էլ երկու նախագահների քննարկման հիմնական առարկան է դարձել:

Այսպիսով, տնտեսական ուղղությունը ռազմավարական երկու դաշնակիցների միջեւ դառնում է գերակա ուղղություն եւ սա բնական է, քանի որ 21-րդ դարի ներկա զարգացումներում տնտեսական ուղղությունը էլ ավելի է կարեւորվում: Հայ-ռուսական տնտեսական համագործակցությունը կարող է ոչ միայն խթան հանդիսանալ Հայաստանի տնտեսական զարգացման համար, այլեւ կարժեւորի Ռուսաստանի դերը հարավկովկասյան տարածաշրջանում:

Պետք է նշենք, որ Երեւան-Մոսկվա ռազմավարական համագործակցությունն այժմ կրում է շահագրգիռ բնույթ ոչ միայն Հայստանի, այլ նաեւ Ռուսաստանի կողմից: Այսինքն, ոչ միայն Հայաստանին է ձեռնտու ռազմաքաղաքական համագործակցությունը Ռուսասատանի հետ, այլ նաեւ Մոսկվային: Հայաստանը կա եւ մնում է Ռուսասատանի միակ եւ իրական դաշնակիցը մեր տարածաշրջանում: Ռուս-ադրբեջանական ցանկացած սիրախաղ կրում է ժամանակավոր բնույթ, երբ կողմերը հետապնդում են մարտավարական որեւիցե մի նպատակ: Կարճաժամկետ այդ հարաբերությունները չի կարելի համեմատել հայ-ռուսական ռազմավարական երկարատեւ համագործակցության հետ:

Այնպես որ, Հարավային Կովկասում իր նախկին դիրքերը վերականգնել ցանկացող Մոսկվան պետք է էլ ավելի խորացնի հարաբերությունները Երեւանի հետ, հատկապես տարածաշրջանում սրվող ռուս-ամերիկյան մրցակցության պայմաններում:

Պետք է նշենք, որ տարածաշրջանում իրենց դերը փորձում են ակտիվացնել նաեւ Եվրամիությունը եւ մեր հարեւաններ Թուրքիան ու Իրանը: Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից շրջափակման ենթարկված Հայաստանի համար կարեւորվում է հյուսիս-հարավ, այսինքն Ռուսաստան-Իրան համագործակցությունը, որտեղ Հայաստանը երկու կողմերի համար էլ առանցքային դեր ունի:

Հայ-ռուսական հարաբերությունները կարեւոր պայման են տարածաշրջանում Հայաստանի անվտանգության խնդիրների լուծման գործում:
Այսպիսով, անկախ Հայաստան-ԱՄՆ եւ Եվրամիություն համագործակցություններից, Երեւանի համար կարեւորագույնը մնում են հայ-ռուսական հարաբերությունները` որպես հեռանկարային եւ տնտեսական զարգացման կարեւոր ուղղություն:

www.armradio.am

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *