“Ազատություն” ռադիոկայանի փոխանցմամբ՝ Wikileaks կայքը հրապարակել է 2005 թվականին ապրիլի 25-ին Հայաստանի այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանի պատասխան նամակը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանին:
Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետն առաջարկել էր պատմաբանների հանձնաժողով ստեղծել` ուսումնասիրելու համար 1915 թվականի իրադարձությունները: Հայաստանի պատասխանը ընդհանուր առմամբ էր ներկայացվել, նամակի տեքստը բացահայտված չէր:
Wikileaks-ն այսօր հրապարակել է Քոչարյանի նամակի տեքստը, ինչպես նաև տվյալ ժամանակ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Էվանսի մեկնաբանությունները:
“Հարգելի վարչապետ”, – գրել է Հայաստանի նախագահը, – “Ես ստացել եմ Ձեր նամակը: Որպես երկու հարևաններ՝ մենք պետք է աշխատենք ճանապարհներ գտնել միասին ներդաշնակ ապրելու համար: Ահա թե ինչու առաջին օրվանից Ձեզ պարզեցինք մեր ձեռքը՝ հաստատելու համար հարաբերություններ, բացելու սահմանը և երկխոսություն սկսելու երկու երկրների և ժողովուրդների միջև”:
Քոչարյանը գրել է, որ “կան հարևան երկրներ, հատկապես Եվրոպական մայրցամաքում, որոնք դժվարին անցյալ են ունեցել, որի մասին նրանք տարաձայնություններ ունեն: Այդուհանդերձ, դա չի խանգարել նրանց ունենալու բաց սահմաններ, հաստատելու նորմալ հարաբերություններ, դիվանագիտական կապեր, նույնիսկ եթե նրանք շարունակել են քննարկել միմյանց բաժանող խնդիրները”:
“Անցյալը լուծելու Ձեր առաջարկը չի կարող արդյունավետ լինել, եթե այն խուսափում է ներկայի ու ապագայի խնդիրների լուծումից”, – գրել է Քոչարյանը՝ ընդգծելով, որ “օգտակար երկխոսությունում” ընդգրկվելու համար հարկավոր է ստեղծել պատշաճ և նպաստավոր քաղաքական միջավայր:
“Կառավարությունների պատասխանատվությունն է զարգացնելու երկկողմ հարաբերությունները, և մենք իրավունք չունենք այդ պատասխանատվությունը լիազորելու պատմաբաններին: Ահա թե ինչու մենք առաջարկել և նորից առաջարկում ենք առանց նախապայմանների երկու երկրների միջև հաստատել նորմալ հարաբերություններ”, – նշել է Ռոբերտ Քոչարյանը: – “Այս համատեքստում միջկառավարական հանձնաժողովը կարող է քննարկել ցանկացած և բոլոր չլուծված խնդիրները մեր երկու պետությունների միջև՝ նպատակ ունենալով լուծել դրանք և փոխըմբռնման հասնել”:
Այս փաստաթղթին Հայաստանում այն ժամանակվա ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը կցել է իր մեկնաբանությունները։ Նա ընդգծել է, որ Էրդողանի առաջարկը նորություն չէ. 1915 թվականի դեպքերը պատմաբանների կողմից քննարկելու կոչեր հնչել են Թուրքիայի յուրաքանչյուր վարչակազմի կողմից` հակազդելու համար ցեղասպանության ճանաչմանը, հատկապես երբ միջազգային հանրության հետաքրքրությունը և ուշադրությունն ուժեղանում էր այդ հարցի նկատմամբ.
“Այդուհանդերձ, առաջին անգամ է նման առաջարկ արվում գրավոր և ամենաբարձր մակարդակով”, – նշում է Էվանսը՝ միևնույն ժամանակ լուրջ մտահոգություն հայտնելով Էրդողանի նամակի լրջության և անկեղծության կապակցությամբ: Իր մտահոգությունն ապացուցելու համար Էվանսը նախ նշում է, որ մինչև Երևան հասնելը, նամակը հայտնվել էր թուրքական մամուլում: Երկրորդ՝ այն անհապաղ տարածվել էր ԱՄՆ Կոնգրեսում` ցույց տալու համար, որ մերձեցման և հաշտեցման գործընթաց է ընթանում ու ԱՄՆ-ի որևէ գործողության, ինչպեսև Կոնգրեսի որևէ բանաձևի անհրաժեշտությունը չկա:
Էվանսը փաստում է, որ Քոչարյանի նամակը վերահաստատում է հայկական կողմի դիրքորոշումը. Հայաստանը պատրաստ է քննարկել ցանկացած հարց միջկառավարական հանձնաժողովի մակարդակով։ Իր մեկնաբանության վերջում Էվանսը հույս է հայտնում, որ վարչապետ Էրդողանը դրականորեն կարձագանքի նախագահ Քոչարյանի առաջարկին` նորմալացնելու հարաբերությունները:
1in.am