“Մխիթար Գոշ”-ի մեդալ` Ջոն Էվանսին

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի սեպտեմբերի 5-ի հրամանագրով, հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունների ամրապնդման եւ զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Ջոն Էվանսը պարգեւատրվել է “Մխիթար Գոշ”-ի մեդալով:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, Հայաստանում իր երկամյա դիվանագիտական առաքելությունն ավարտող դեսպան Ջոն Էվանսի հետ այսօր հրաժեշտի հանդիպման ժամանակ հանձնելով պարգեւը` Ռոբերտ Քոչարյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին արդյունավետ համագործակցության համար եւ նշել, որ նրա պաշտոնավարման երկու տարիների ընթացքում հայ-ամերիկյան հարաբերությունների ակտիվում գրանցվել է լուրջ առաջընթաց:

Վստահություն հայտնելով, որ հայ-ամերիկյան հարաբերություններն այսուհետեւ նույն արդյունավետությամբ կշարունակվեն` Ռոբերտ Քոչարյանը հաջողություն է մաղթել դեսպան Ջոն Էվանսին հետագա գործունեության մեջ:

Ջոն Էվանսը եւս գոհունակությամբ է նշել երկամյա համագործակցությունը եւ ասել, որ Հայաստանի պետական բարձր պարգեւը համարում է իր եւ դեսպանատան անձնակազմի գործունեության գնահատականը: Կարեւորելով տարբեր ոլորտներում իրականացվող համատեղ ծրագրերը՝ նա հայ-ամերիկյան գործակցության ամենաէական ձեռքբերումներից է համարել “Հազարամյակի մարտահրավեր” հայաստանյան ծրագիրը, որը երկրի զարգացման համար լուրջ հեռանկարներ է բացում:

Ջոն Էվանսին՝ Հայաստանում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ այսօր ընդունել են նաեւ Ազգային Ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը եւ արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Իսկ նախօրեին դեսպան Էվանսը հանդիպել էր Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի եւ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հետ:

Ջոն Էվանսի հետկանչի քաղաքական շրջանակներում կապում են Հայոց ցեղասպանության վերաբերյալ արված հայանպաստ մեկնաբանության հետ:

“Այսօր ես դա կանվանեմ Հայոց ցեղասպանություն… Կարծում եմ, մենք` Միացյալ Նահանգների կառավարությունը, պարտք ենք ձեզ՝ մեր համաքաղաքացիներին՝ ավելի անկեղծ ու ազնիվ ձեւով քննարկել այդ հարցը: Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր: Ես խոստանում եմ, որ մենք ավելի լավ ենք աշխատելու այդ հարցի ուղղությամբ”, – անցյալ տարվա փետրվարին Կալիֆորնիայում ամերիկահայ համայնքի հետ ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ ասել էր Ջոն Էվանսը:

www.azatutyun.am

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *