Երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի ցանկացած հրապարակային խոսք դառնում է քաղաքական եւ լրատվական շրջանակների թիվ 1 թեման` առնվազն կես ամիս: Արցախի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցին արդեն անդրադաձել են հայաստանյան հիմնական լրատվական միջոցները, եւ արդեն իսկ կան առաջին վերլուծությունները:
Ծավալուն հարցազրույցում առանձնանում է երկու հատված, որը հուշում է երկրորդ նախագահի պատկերացումները այս պահի դրությամբ:
Առաջին հատվածը վերաբերում է Ղարաբաղի խնդրին.
“Մի բան ակնհայտ է. Նորագույն պատմության մեջ նման կարգի բոլոր խնդիրները լուծվել են ի օգուտ ինքնորոշվող ժողովուրդների: Անխտիր բոլորը` Աբխազիայի, Հյուսիսային Օսիայի, Կոսովոյի, Արեւելյան Թիմորի, Էրիթրիայի, այժմ արդեն Հարավային Սուդանի, Դարֆուրի…: Պաղեստինի հարցում էլ կասկած չկա… Այդ առումով, անկասկած ժամանակն աշխատում է մեր օգտին: Բայց պետք չէ մտածել, որ ԼՂՀ ճանաչումից հետո կյանքը կտրուկ փոխվելու է: Պետք է ապրել` համարելով, որ դա վաղուց արդեն եղել է: Մեր անկախության ճանմաչման համար ինչ-որ մեկի կնիքի կարիքը մեն չունենք: Փաստը կատարվել է, պետք է ապրել, լիարժեք աշխատել, ամրացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Իսկ այդ ամենը կգա. Մեր հերթն էլ կգա…”:
Երկրորդ նախագահը երբեք սենտիմենտալ անձնավորության տպավորություն չի թողել ու այդ իմաստով նա հարցազրույցում ներկայացրել է ոչ թե երազանքների, այլ Ղարաբաղյան խնդրի լուծման իր սկզբունքային դիրքորոշումը: Մենք այսօր ունենք երեք նախագահների դիրքորոշումները. Դրանք հանրությանը հայտնի են: Քոչարյանը իր դիրքորոշմանը տվեց ծրագրային տեսք. Ղարաբաղի հարցի լուծումը նրա անկախության ճանաչումն է, բայց ապրել պետք է օրվա ռեժիմով` այն է աշխատել, ուժեղացնել երկիրը…
Երկրորդ նախագահը չխոսեց զիջումների, տարածքները հանձնելու, միջնորդների ճնշումների, առանց Ադրբեջանի եւ Թուրքայի կործանվող Հայաստանի մասին եւ այլն…
Նրա ձեւակերպումները ուղղված էին ավելի շատ ոչ թե Ղարաբաղի ժողովրդին, որովհետեւ այդ ժողովուրդը չի քննարկում այլ տարբերակներ, այլ Հայաստանի հասարակությանը, Հայաստանի քաղաքական ուժերին, ու նաեւ միջնորդ պետություններին:
Հաջորդ առանցքային դրույթը, ըստ իս, հարցազրույցի վերջն էր.
“ԼՂՀ առաջին եւ ՀՀ երկրորդ նախագահը ինչպիսին է տեսնում հայկական երկու հանրապետությունների ապագան եւս 20 տարի անց” հարցին հնչել է հետեւյալ պատասխանը.
– Այս հարցին պատասխանելիս դժվար է խուսափել շաբլոնային բառերից` փայլուն ապագա եւ այլն: Ուղղակի չեմ ուզում օգտագործել նման արտահայտություններ: 20 տարին շատ մեծ ժամանակահատված է, կան երկրներ, որոնք 20 տարում լավ իմաստով անճանաչելի ձեւով փոխվում են, եւ կան այնպիսիք, որ 20 տարում անճանաչելի իմաստով փոխվում են վատ իմաստով: Ամեն ինչ կախված է նրանից, թե մենք ինչպես կաշխատենք, ինչ կարգի համարաձակ լուծումների ենք պատրաստ մեր ազգային շահերն առաջ մղելու համար: Ես մեծ հույսեր ունեմ, որ ամեն ինչ լավ կլինի, բայց հենց այնպես ասել, որ փայլուն ապագա ենք ունենալու չեմ կարող…:
Հայաստանի քաղաքական էլիտայի ուղիղ 99 տոկոսը վերը նշված հարցին կպատասխաներ նույն շաբլոնային բառերով կամ գուցե բառով` “փայլուն”:
Ռ. Քոչարյանը շեշտադրված խուսափում է դրանից: Նրա խոսքում նկատվում երկու առանցք` հնարավորություն եւ մտահոգություն: Հնարավորություն` ունենալ փայլուն ապագա եւ մտահոգություն` կորցնել այդ հնարավորությունը:
Բանաձեւը դարձյալ մեկն է` աշխատանք: Ամենօրյա, համառ աշխատանք եւ արդյունք: Մտահոգությունն այն է, ինչը մենք բոլորս գիտենք` եթե տնտեսությունը շարունակի անկում ապրել, եթե արտագաղթը շարունակի մեծանալ, եթե երկրի ներդրումային միջավայրը վատանա, եթե Ադրբեջանի հետ տնտեսական, ռազմական մրցակցությունում պարտվենք եւ եթե այլ եթեներ իրականացվեն, ապա հեռանկարը փայլուն լինելու հնարավորություն չի ունենա: Ինչպես եւ Ղարաբաղի հարցում, այստեղ եւս ակնհայտ է ծրագրային մոտեցման պահը:
Հրաչ Քալանթարյան
www.top-news.am