Հայաստանի նախագահը գոհ է Իրանի ղեկավարի հետ բանակցություններից

PanARMENIAN.Net – Իրանի նախագահ Մոհամադ Խաթամիի առաջին պաշտոնական այցը Հայաստան չափազանց կարեւոր իրադարձություն է: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն Իրանի ղեկավարի հետ համատեղ երեկ կայացած մամլո ասուլիսի ժամանակ:

Նրա խոսքերով, երկկողմ հարաբերությունների օրակարգն աստիճանաբար հարստացվում եւ ընդարձակվում է: “Ես կարող եմ իմ գոհունակությունը հայտնել ինչպես քննարկվող հարցերի ընդհանուր բովանդակության, այնպես էլ մեր բանակցությունների ընթացքում ձեւավորված տրամադրության առնչությամբ”, – հայտարարել է Ռ.Քոչարյանը: Նա ավելացրել է, որ իր իրանցի գործընկերոջը տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարության կարգավորման գործընթացի ներկա դրության մասին: Այդ առնչությամբ երկու նախագահները ընդգծել են խնդրի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը:

Իր հերթին, Մ.Խաթամին ընդգծել է, որ Իրանը ձգտում է լավ հարաբերություններ ունենալ բոլոր հարեւանների հետ, սակայն Հայաստանի հետ իր երկրի հարաբերությունները առանձնահատուկ են: Նա նաեւ նշել է, որ Հայաստանի եւ Իրանի համագործակցությունն ուղղորդված չէ երրորդ երկրների դեմ: Սկսած 1991 թվականից այդ հարաբերությունները տարեց տարի խորանում են, ավելացրել է Իրանի նախագահը:

www.panarmenian.net

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *