Հայաստանի համար ցեղասպանության ճանաչման հարցը սկզբունքային է եւ սոսկ պատմական բնույթ չի կրում, քանի որ այսօր Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունները ծանրաբեռնված են այս պատմական իրողությամբ:
Լիտվայի նախագահ Վալդաս Ադամկուսի հետ հանդիպման ավարտին հրավիրված ասուլիսին այս մասին հայտարարեց ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը` շնորհակալություն հայտնելով Լիտվայի խորհրդարանին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշում կայացնելու համար:
“Կարծում եմ, այսօր ցեղասպանության ճանաչումը եւ սեփական պատմության հետ հաշվի նստելը չափազանց կարեւոր է ավելի նորմալ հարաբերություններ կառուցելու համար”,- ընդգծեց նա:
Ռ. Քոչարյանը նշեց, որ բավականին երկար ժամանակ հարցը եղել է գաղափարական աշխարհի տարանջատվածության պատանդը` Հայաստանը չի ունեցել իր անկախ պետականությունը, որի միջոցով կարող էր հետամուտ լինել ցեղասպանության միջազգային ճանաչմանը:
“Այսօր չկա գաղափարախոսական տարանջատումը աշխարհում, այսօր Հայաստանը անկախ պետություն է եւ այսօր ունենք նաեւ այս ուղղությամբ շատ ակտիվ աշխատող Սփյուռք, որը հիմնականում հենց այդ ցեղասպանության արդյունք է եւ, կարծում եմ, մենք հաջողության կհասնենք”,- հայտարարեց նախագահը:
Միաժամանակ, Ռոբերտ Քոչարյանը գտնում է, որ չպետք է անցյալի պատանդը լինել եւ “իհարկե, այն, ինչ արվում է, արվում է նաեւ նպատակ ունենալով տարածաշրջանում ունենալ ավելի կայուն, ավելի հավասարակշռված իրավիճակ”:
www.armtown.com