Ժ. Շիրակը բոլոր ֆրանսիացիների անունից շնորհակալություն է հայտնել Երեվանում Ֆրանսիայի հրապարակի բացման համար

“Խորին հուզմունքով է, որ ծանոթանում եմ Հայկական հողին”,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը Երեւանում Ֆրանսիայի հրապարակի բացման արարողության ժամանակ: “Ես հուզմունք եմ զգում, քանի որ սա Ֆրանսիական պետության առաջնորդի առաջին այցելությունն է աշխարհի Ծննդոց վկայող տեղերին, որոնց պահպանող Արարատ լեռը, ասում են, իջեւան դարձավ Նոյի Տապանի համար, Ջրհեղեղի վերջում:

Հուզվում եմ, երբ մտածում եմ այն կապերի հնության մասին, որ մեզ միացնում են այն վաղ ժամանակներից, երբ Երուսաղեմցի թագավորը` Բուլոնիայի Բուդուեն, ամուսնացավ հայ իշխանուհի Արդայի հետ, երբ 14-րդ դարում Կալեում մահացավ Լեւոն 6-րդ Լուսինյանը՝ Հայաստանի վերջին թագավորը, որի շիրիմը գտնվում է Սեն-Դենի բազիլիկայում` Ֆրանսիայի թագավորների կողքին: Հուզմունք եւ հարգանք եմ տածում հայ ժողովրդի հերոսական եւ տառապալից պատմության նկատմամբ: Ժողովուրդ, որի ճակատագիրը մնում է մինչ հավիտյանս դրոշմված ցեղասպանությամբ. այն ցեղասպանությամբ, որի զոհը եղավ նա Առաջին համաշխարհային պատերազմի եւ կայսրությունների վախճանման ցնցումների պայմաններում: Հուզվում եմ, երբ մտածում եմ այս ողբերգությունը վերապրածների մասին, որոնք ստիպված եղան վերցնելու աքսորի ճանապարհները: Երբ մտածում եմ այն բոլորի մասին, որոնք վստահությամբ դարձան դեպի Ֆրանսիան, ինչպես դառնում են դեպի քրոջը, վստահ լինելով նրա մոտ գտնելու ապաստան եւ մխիթարություն: Հուզվում եմ, հիշելով բոլոր նրանց, որոնք դիմադրեցին նացիստական բարբարոսությանը, ինչպես Միսակ Մանուշյանը եւ իր ընկերները: Այսօր մոտ կես միլոն հայեր իրենց արմատներով ծագում են հայ հողից: Նրանք Ֆրանսիային բերել են իրենց խիզախությունը, իրենց տաղանդը, իրենց վեհանձնությունը: Նրանք նաեւ մնացել են կապված Հայաստանին:

Պատվելու համար այս կապը, դուք ցանկացած, որպեսզի այս հրապարակը, ձեր մայրաքաղաքի սրտում, կրի Ֆրանսիայի անունը: Բոլոր ֆրանսուհիների եւ ֆրանսիացիների անունից, ես ձեզ շնորհակալություն եմ հայտնում: Այս երեկո, երբ սկսվեն Հայաստանում Ֆրանսիական Օրերը եւ Ֆրանսիայում Հայաստանի Տարին, իմացեք, որ մինչեւ հոգու խորքը զգացված ենք այս պատվասիրության համար: Ֆրանսիայի հրապարակը կլինի մեր բարեկամության խորհրդանիշը, ինչպես կլինեն նաեւ 400 հայկական միջոցառումները, որոնք տեղի կունենան Ֆրանսիայի ամբողջ տարածքում մինչեւ հաջորդ հուլիսի 14-ը: Ձեր հայրենական ժառանգության գանձերը կցուցադրվեն Ֆրանսիայի մշակութային ամենահեղինակավոր կենտրոններում: Նրանք կհիշեցնեն ֆրանսիացիներին հայկական մշակույթի զորությունը, նրա օժանդակությունը մեր քաղաքակրթությանը եւ նրա համաշխարհային տարածումը”:

Leave a Reply

Your email address will not be published.