Շահագործման հանձնվեց Աշտարակի վերակառուցված կամուրջը

Մեծ հանդիսությամբ այսօր շահագործման հանձնվեց Աշտարակի կամրջի երկրորդ մասը՝ ապահովելով երկկողմանի երթեւեկություն: “Լինսի” հիմնադրամից այս շինարարության վրա ծախսվել է 1 միլիոն 780 հազար դոլար: Կամրջի երկարությունը 365 մետր է, իսկ շինարարությունն ավարտվեց մոտ 1,5 տարվա ընթացքում:

Շինարարական առաջին աշխատանքները սկսվել էին 1988 թվականին: Նպատակը` Աշտարակը շրջանցող ճանապարհի կառուցումն էր, որպեսզի ավելի հարմար ճանապարհով շինարարական բեռները աղետի գոտի տեղափոխվեն: Կամրջի առաջին մասը շահագործման հանձնվեց 1994 թվականին, վեր բարձրացվեցին նաեւ 2-րդ մասի հենասյուները, բայց աշխատանքները մոտ 7 տարի սառեցվեցին:

Եվ այսպես, այսօր Ռոբերտ Քոչարյանը Աշտարակը շրջանցող, Քասախ գետի կամրջի վրա կտրեց հերթական ժապավենը, եւ ասաց, որ կարմիր ժապավեններ կտրելու առումով այս աշունը շատ թեժ է լինելու:

Տրանսպորտային հանգույցն այսօր լիարժեքորեն շահագործման հանձնվեց, կատարված աշխատանքից Ռոբերտ Քոչարյանը գոհ է` “Այսպիսի որակ մենք երբեք չենք ունեցել”, ասաց նախագահը:

Նրա խոսքերով, փորձելու են ամեն ինչ անել, որպեսզի շինարարական աշխատանքների ծավալները չնվազեն, բայց հստակ չպատասխանեց լրագրողներից մեկի հարցին, թե արդյոք շարունակվելո՞ւ են «Լինսի» հիմնադրամի ծրագրերը, որոնք ավարտվում են մեկ ամսից` նոյեմբերի մեկին:

“Լինսի” հիմնադրամի միջոցներով շահագործման հանձնված այս կամուրջը փորձարկվել է մի քանի օր առաջ: 12 բեռնատար ավտոմեքենա` ավազով բեռնված, 240 տոննա ընդհանուր քաշով, անցել են կամրջի վրայով, որի տակ այդ ժամանակ սեղան էին գցել շինարարներն ու “Լինսի” հիմնադրամի ճանապարհային շինարարության ծրագրի տնօրեն էդուարդ Բեզոյանը:

“Լինսի” հիմնադրամը Հայաստանին հատկացրել էր 150 միլիոն դոլար, որի մոտ կեսը ճանապարհային շինանությանն ուղղվեց: Մնացածը՝ աղետի գոտու վերականգնմանը եւ մշակութային օջախների վերանորոգմանը:

Նախագահի աշխատակազմի ղեկավար, “Լինսի” ծրագրերի կոորդինատոր Արտաշես Թումանյանը, ելույթ ունենալով կամրջի մոտ կազմակերպված այսօրվա հանդիսությանն, ասաց թե Քըրք Քըրքորյանի հատկացումները Հայաստանի նախագահի ու կառավարության հանդեպ վստահության վկայություն են:

Հրաչ Մելքումյան
www.azatutyun.am

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *