Հայաստան կժամանի Բուլղարիայի Հանրապետության նախագահը

Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրավերով հոկտեմբերի 5-7-ը պաշտոնական այցով Երեւան կժամանի Բուլղարիայի Հանրապետության նախագահ Գեորգի Պրվանովը` տիկնոջ հետ:

Այցի հիմնական նպատակն է խթանել միջպետական կապերի զարգացումը, խորացնել համագործակցությունը երկու երկրների միջեւ, ուրվագծել տնտեսական փոխգործակցության հեռանկարները, ինչպես նաեւ մտքեր փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող խնդիրների վերաբերյալ:

Հոկտեմբերի 5-ին ՀՀ Նախագահի նստավայրում բարձրաստիճան հյուրի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի կունենա Ռոբերտ Քոչարյանի եւ Գեորգի Պրվանովի առանձնազրույցը, որից հետո բանակցությունները կշարունակվեն ընդլայնված կազմով: Այնուհետեւ նախագահները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:

Պաշտոնական այցի ընթացքում Բուլղարիայի նախագահը կհանդիպի Ազգային ժողովի նախագահի եւ վարչապետի հետ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նախագահ Պրվանովին կհյուրընկալի Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը:

Գեորգի Պրվանովի գլխավորած պատվիրակությունը կայցելի Մեծ Եղեռնի հուշահամալիր, ծաղկեպսակ կդնի 1915 թ. ցեղասպանության զոհերի հուշակոթողին:

Բուլղարիայի նախագահի` Հայաստան պաշտոնական այցի օրերին տեղի կունենա հայ-բուլղարական բիզես ֆորում:

Գեորգի Պրվանովը հանդիպումներ կունենա նաեւ Երեւանի պետհամալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողության եւ Պ. Յավորովի անվան դպրոցի ուսուցիչների ու աշակերտների հետ:

Նախատեսված է նաեւ այցելություն պատմամշակութային վայրեր:

Հոկտեմբերի 7-ին Բուլղարիայի նախագահի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Երեւանից:

www.armradio.am

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *