ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԸ ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Դեկտեմբերի 2-ին նախագահ Ռոբերտ Քոչարյանն աշխատանքային այցով կմեկնի Բելգիայի Թագավորություն: Հանրապետության Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը, արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը, Բելգիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանը, պաշտոնատար այլ անձինք, լրագրողներ:

Դեկտեմբերի 3-ին Բելգիայի դաշնային խորհրդարանում Հայաստանի Նախագահը հանդիպում կունենա Բելգիայի Խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի նախագահ Հերման դե Քրոյի հետ:

Նույն օրը ՆԱՏՕ-ի շտաբ-կայանում տեղի կունենա Հայաստանի նախագահի եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ջորջ Ռոբերտսոնի հանդիպումը:
Նախատեսվում են Ռոբերտ Քոչարյանի հանդիպումները ԵՀ գիտական հետազոտությունների հանձնակատար Բյուսկանեի, ԵՀ առեւտրի հանձնակատար Պասկալ Լամիի եւ ԵՀ ընդլայնման հանձնակատար Գյունտեր Ֆերհյուգենի հետ:

Դեկտեմբերի 4-ին Ռոբերտ Քոչարյանը հանդիպումներ կունենա Եվրոպական խորհրդարանի նախագահ Փեթ Քոքսի եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ռոմանո Պրոդիի հետ:

Նույն օրը Նախագահ Քոչարյանը Եվրամիության խորհրդի գլխավոր քարտուղարությունում կհանդիպի ԵՄ գլխավոր քարտուղար Խավիեր Սոլանայի հետ:

Թագավորական պալատում Ռոբերտ Քոչարյանը կհանդիպի Բելգիայի Թագավոր Ալբերտ 2-րդի հետ:

Նախատեսվում են նաեւ Հայաստանի Նախագահի հանդիպումները Էներգետիկ խարտիայի գլխավոր քարտուղար տիկին Ռիա Կամպերի եւ Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հեյկի Թալվիտիի հետ:

Ռոբերտ Քոչարյանը կհանդիպի նաեւ Բելգիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Եվրոպական խորհրդարանում կբացվի Հայաստանի գեղագիտական կենտրոնի ցուցահանդեսը, ուր կայցելի Ռոբերտ Քոչարյանը: Նախագահը կմասնակցի նաեւ մշակութային մի շարք միջոցառումների:
Դեկտեմբերի 5-ին Նախագահի գլխավորած պատվիրակությունը կվերադառնա Երեւան:

www.a1plus.am

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *