Մեղադրական աբսուրդ

“Սիվիլիթաս” հիմնադրամի շուրջ բարձրացված աղմուկին զուգահեռ, “անկախ և չեզոք” քարոզչամեքենան համառորեն անդրդառանում է նաև երկրորդ նախագահին: Այն, որ Օսկանյանը եղել է ՀՀ արտգործնախարար Ռ. Քոչարյանի նախագահության շրջանում, հայտնի է բոլորին: Այն, որ Օսկանյանը եղել է լավ արտգործնախարար` նույնպես հայտնի է:

Բայց այս անգամ քարոզչամեքենան իր հարձակումների վեկտորն ուղղել է այլ հարթություն: Խնդիր էր դրվել հարձակվել Ջ. Հանթսմանի վրա, մորմոնների վրա: Այս պարագայում, իհարկե, չմոռանալ Ռ. Քոչարյանին: Պարզվում է Հանթսմանը շահադիտական և այլ կործանարար գաղափարներից ելնելով է Հայաստանում կատարել միլիոնավոր դոլարների ներդրումներ, աղետի գոտում կատարել տասնյակ միլիոների նվիրատվություն և ներդրում: Իսկ ո՞րն է Քոչարյանի մեղքն այս պարագայում: Իհարկե այն, որ նա թույլ է տվել Հանթսմանին օգնել Հայաստանին և աղետի գոտու բնակիչներին: Այ, եթե Ռ. Քոչարյանը դա արգելեր, իր պաշտոնավարման ընթացքում երկնիշ տնտեսական աճի փոխարեն ապահովեր երկնիշ անկում, արտագաղթի ծավալների կտրուկ մեծացում, փոքր ու միջին բիզնեսի կործանում, այդ դեպքում նա կլիներ հայրենասեր ու նախաձեռնող:

Քոչարյանը կարող էր Հանթսմանին համոզել, որ նվիրատվությունների և աղետի գոտում ներդրումների փոխարեն այլ գործեր անեին` թեկուզ Հայաստանից դուրս:

Վստահաբար կարելի է ենթադրել, որ Քոչարյանի դեմ հաջորդ մեղադրանքը կարող է լինել Լինսի հիմնադրամը: 2-3 կայքի, 1-2 “ընդդիմադիր” նախկին պատգամավորի կարելի պատվիրել խոսել Քրքորյանի և Քոչարյանի դեմ: Շատ հեշտ կարելի է երկրորդ նախագահին մեղադրել ճանապարհաշինության, մշակութային օջախների վերակառուցման և վերանորոգման, հիվանդանոցների վերանորոգման, դպրոցաշինության համար: Այնպես որ, երբ քաղաքականությունը հասնում է աբսուրդի, մեղադրանքների անսպառ թեմաներ են բացվում: Այս իմաստով, երկրորդ նախագահին դժվար օրեր են սպասում: Ո՞վ էր խնդրել այդքան գործ անել:

Հասմիկ Սիմոնյան
top-news.am

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *