PanARMENIAN.Net – “Մենք մտադիր ենք խորացնել մեր փոխգործակցությունը Եվրամիության հետ եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում”, – հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը ելույթ ունենալով այսօր Վարշավայում ընթացող Եվրոպայի Խորհրդի երրորդ Գագաթնաժողովում, հաղորդում է “Մեդիամաքս” գործակալությունը: “Մեզ համար դա քաղաքական եւ տնտեսական բարեփոխումները ԵՄ հովանավորության ներքո շարունակելու հնարավորություն է: Մենք զգում ենք մեզ որպես ընդհանուր Եվրոպայի մի մասը: Մեր մշակութային ժառանգությունը հանդիսանում է եվրոպական մշակույթի մի մասը: Մենք իրականացնում ենք բարեփոխումները` ելնելով մեր պետության ներքին պահանջներից, եւ ոչ թե հանուն այն բանի, որպեսզի մեզ գովաբանեն”, – նշել է Ռոբերտ Քոչարյանը:
Նրա խոսքերով, մինչեւ տարեվերջ կավարտվի Եվրոպայի Խորհրդին անդամակցելիս Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների կատարման գործընթացը: “Դա բարդ, սակայն բարեփոխումների արդյունավետ գործընթաց էր, որը ստացավ հասարակության լայն շերտերի աջակցությունը”, – ավելացրել է նա: