Նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է “Կիլիկիա” առագաստանավի անձնակազմի անդամներին, ովքեր մայիսի 14-ին մեկնելու են Լոնդոն` նավարկության վերջին փուլին նախապատրաստելու Հարավային Անգլիայի ափերին կառանած “Կիլիկիա”-ն:
Ռոբերտ Քոչարյանը ծովագնացներին մաղթել է բարեհաջող նավարկություն եւ տունդարձ` ասելով, որ նրանցից ակնկալում է մեծ զգուշավորություն եւ կամք:
Անձնակազմի անդամները երկրի ղեկավարին վստահեցրել են, որ նախորդ նավարկություններում ձեռք բերած փորձը կբավարարի բարեհաջող ընթացք ապահովելուն: Ռոբերտ Քոչարյանը կիլիկիացիներին տեղեկացրել է, որ Սեւանա լճում նավակառանատեղի կառուցելու շուրջ արդեն բանակցություններ են վարվում արտերկրյա մասնագիտացված ընկերությունների հետ եւ որ կառանատեղիում հանգրվան կունենա նաեւ “Կիլիկիան”:
Անձնակազմի անդամները նախագահի հետ զրուցել են նաեւ առագաստանավային սպորտի զարգացման հեռանկարների մասին եւ նախագահից ստացել աջակցության խոստում:
www.armradio.am