Մայիսի 6-ին ՀՀ կառավարության ընդունելությունների տանը տեղի ունեցավ “Հայաստան” համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 13-րդ նիստը` ՀՀ նախագահ եւ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ: Նիստին ներկա էին Հայաստանի եւ սփյուռքի ներկայացուցիչներ: Հայ Ավետարանական եկեղեցին նիստին ներկայացնում էր հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Վեռ. Ռընե Լեւոնյանը:
Բացման խոսքում Ռոբերտ Քոչարյանը մեծապես կար-որեց հիմնադրամի դերն ու առաքելությունը հայրենիքի հզորացման ու բարգավաճման գործում` բնորոշելով այն որպես յուրահատուկ կառույց մեր ազգային իրականությունում. մի կառույց, որն, ի թիվս այլ ծրագրերի, ստանձնել է նա- Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման հսկայածավալ ծրագրի իրագործումը:
2003 թ. կատարված աշխատանքների մասին հաշվետվությամբ հանդես եկավ հիմնադրամի գործադիր տնօրեն Նաիրա Մելքումյանը: Զեկույցում արձանագրված էին թե հիմնադրամի հաջողություններն անցած տարվա ընթացքում, թե առկա խնդիրները: Նշվեց, մասնավորապես, որ 2003-ին ավարտին է հասցվել 13 ծրագիր, եւս 19-ի իրագործումն ընթացքի մեջ է: Իրագործվող ծրագրերի թվում կարեւորագույնը Հյուսիս-հարավ մայրուղին է, որի 169 կմ ընդհանուր երկարության 44 կմ արդեն կառուցված է:
Նիստի ընթացքում ներկայացվեց նաեւ վերստուգիչ հանձնաժողովի եւ “Գրանդ Թորնտոն Ամիօ” հաշվեքննիչ կազմակերպության եզրակացությունը, որին հաջորդեցին հոգաբարձուների խորհրդի անդամների քննարկումն ու առաջարկությունները:
Նիստը կարեւորվեց եւս մեկ իրադարձությամբ. հիմնադրամի գործադիր տնօրեն Նաիրա Մելքումյանը ներկայացրեց աշխատանքների բարելավման եւ առաջիկա 10 տարվա գործունեության ռազմավարություն-ծրագիրը, որում առանձնահատուկ ուշադրություն էր հատկացված դրամահավաքի միջոցառումների կազմակերպմանն ու դրանց արդյունավետության բարձրացմանը, հասարակայնության հետ կապերի սերտացմանը ու այլն:
Հիմնադրամի հասարկայնության հետ կապերի բաժինը նիստին ներկայացավ արված աշխատանքների մասին պատմող ֆիլմով, հայերենով եւ անգլերենով հրատարակված հաշվետու հանդեսով, ինտերնետային կայքով:
Առանձին զեկույցով անդրադարձ եղավ ՀՀ եւ ԼՂՀ գյուղատնտեսության ոլորտի զարգացմանն ուղղված ներդրումներին: Նիստի ավարտին որոշվեց, որ հնչած առաջարկությունները կամփոփվեն հիմնադրամի նախագահության կողմից` այնուհետեւ ներկայացվելով որպես վերջնական, ամբողջական առաջարկ:
www.himnadram.org