PanARMENIAN.Net – Երկրորդ աշխարհամարտի ավարտը եւ խաղաղության հաստատումը Հայաստանի եւ հայ ժողովրդի համար ունեցան ճակատագրական նշանակություն: Այս մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր ուղերձում` Հաղթանակի եւ խաղաղության տոնի կապակցությամբ:
Նրա խոսքերով` Հայաստանը ստացավ խաղաղ աշխատանքի եւ համակողմանի զարգացման պատմական հնարավորություն: “1992 թվականից մեր ժողովրդի համար Մայիսի 9-ը դարձել է կրկնակի տոն: Շուշիի ազատագրմամբ այն ձեռք է բերել նոր իմաստ: Այս տոնը խորհրդանշում է մեր ժողովրդի անխորտակ կամքը` պաշտպանելու իր իրավունքները, ապահովելու իր բոլոր հատվածների անվտանգությունն ու ազատ զարգացումը”, – ասվում է ուղերձում: Հայաստանի նախագահի խոսքերով` խորհրդանշական է, որ հատկապես այս օրերին լրանում է ղարաբաղյան զինադադարի կնքման 10-րդ տարին: “Մենք գիտակցում ենք դրա կարեւորությունը, եւ այսուհետ եւս հավատարիմ ենք մնալու Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման սկզբունքին”, – ասվում է ուղերձում:
PanARMENIAN.Net