Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է հայ ծանրորդներին, որոնք անցած ամիս լուրջ հաջողությունների են հասել Ստրասբուրգում կայացած Եվրոպայի առաջնությունում:
“Անկախ Հայաստանում մենք նման հաղթանակ չենք ունեցել, եւ այն ոգեւորիչ օրինակ կարող է լինել շատերի համար”, – ասել է Հայաստանի նախագահը:
Ինչպես հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը, Ազգային օլիմպիական կոմիտեի ղեկավար Գագիկ Ծառուկյանը ծանրորդների հաջողությունը համարել է նաեւ Հայաստանի նախագահի կողմից սպորտի զարգացման նկատմամբ դրսեւորվող ուշադրության արդյունք:
Հայաստանի ծանրորդներից երեքը Ստրասբուրգում դարձել են Եվրոպայի չեմպիոն, եւս երեքը՝ փոխչեմպիոն:
Այսօր երեկոյան Երեւանի օպերայի եւ բալետի ազգային թատրոնում կկայանա հայաստանցի ծանրորդների մեծարման երեկո, որը կազմակերպում է “Բարգավաճ Հայաստան” կուսակցությունը: