Հայկական Հարցը դադարում է լինել աշխարհաքաղաքական շահերի պատանդը

PanARMENIAN.Net – Հայկական հարցը քայլ առ քայլ ազատվում է աշխարհաքաղաքական շահերի պատանդը լինելուց, իսկ Հայաստանի Հանրապետության գոյությունը լավագույն երաշխիքն է մեր արդար շահերի պաշտպանության ճանապարհին հաջողության հասնելու գործում:

Այդ մասին, այսօր հանդես գալով “Ծանրագույն հանցագործություն, ծայրահեղ մարտահրավերներ: Ցեղասպանությունը եւ մարդու իրավունքները” միջազգային համաժողովին, հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նրա խոսքերով, այսօր ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս ուղիղ եթերում դիտել աշխարհի տարբեր ծայրամասերում ծավալվող ռազմական գործողությունները, “ցեղասպանություն” հասկացությունը արդեն հստակ բնորոշված է, ստեղծվել են բազմաթիվ տարածաշրջանային եւ համընդհանուր միջազգային կազմակերպություններ: Պետությունները ավելի համարձակ են ընդվզում աշխարհի որեւէ ծայրամասում ցեղասպանություն իրագործելու փորձերին: Սակայն այս ամենը չփրկեց մարդկությանը նոր ցեղասպանություններից: Հարավսլավիա, Ռոանդա, Արեւելյան Թիմոր, Սումգաիթ` բոլոր այս տեղերում կրկին հոսեց անմեղ մարդկանց արյունը, ավելացրել է ՀՀ ղեկավարրը: “Այդ հանգամանքը վկայում է, որ գենոցիդի արտահայտումներին արդյունավետ հակադրվելու համար անհրաժեշտ է ավելացնել միջազգային հանրության ջանքերը:

Հենց այդ կոնտեքստում կարեւորագույն խնդիրներից է ցեղասպանության ճանաչումը եւ դատապարտումը: Ճանաչումն իր մեջ պարունակում է հակազդեցության մեծ ներուժ: Հատկապես կարեւոր է հանցագործության կանխարգելումը: Չափազանց կարեւոր է նաեւ նախկինում տեղի ունեցած ցեղասպանությունների դատապարտումը: Առաջին հերթին դա ի ցույց է բերում, որ այս հանցագործությունը չունի վաղեմության ժամկետ եւ մեղավորները միեւնույն է պատժվելու են: Դա կարեւոր զսպող ազդեցություն կունենա ցեղասպանություն ծրագրողների վրա: Ճանաչման ու դատապարտման միջոցով է, որ պետությունները կրթում են իրենց քաղաքացիներին. այն է` որ պետական մեքենան նման հանցագործությունների իրականացման գործիք չի կարող դառնալ: Մենք պարտավոր ենք ստեղծել այնպիսի մթնոլորտ, որը բացառում է ազգության, էթնոսի, կրոնի կամ որեւէ այլ կերպ դասակարգված ծայրահեղ բաժանումները, ատելության քարոզը մի խմբի կողմից մյուսի նկատմամբ: Հաջորդ կարեւոր բաղադրիչը` ցեղասպանություն վերապրած ժողովրդի հետագա ճակատագիրն է: Հայ ժողովուրդը ցեղասպանության պատճառով դարձավ գաղթական եւ սփռվեց ողջ աշխարհով: Մեծ քաղաքականությանը զոհաբերվեց Հայոց Եղեռնը միջազգայնորեն դատապարտելու եւ պատմական արդարությունը վերականգնելու անհրաժեշտությունը: Ցեղասպանություն ծրագրած եւ իրագործած հանցագործները հիմնականում մնացին անպատիժ: Ավելին, Թուրքիային վերադարձվեց Բեռլինում սպանված Թալեաթ փաշայի աճյունը եւ այն պատվով թաղվեց Ստամբուլում: Դա անպատժելիության էստաֆետի փոխանցման տխուր վկայությունն էր: Նման ոճրագործությունների մոռացության համար մարդկությունը չափազանց մեծ գին է վճարում”, – նշվում է Ռոբերտ Քոչարյանի հայտարարության մեջ:

Leave a Reply

Your email address will not be published.