Թուրքիայի դիրքորոշումը Հայկական Հարցում դիվանագետների խարդավանքների արդյունք է

PanARMENIAN.Net – “Թուրքիայի դիրքորոշումը հայկական հարցում` դիվանագետների խարդավանքների արդյունք է”: Այդ մաիսն այսօր “Ծանրագույն հանցանք, ծայրագույն մարտահրավեր. մարդու իրավունքները եւ ցեղասպանությունը” միջազգային համաժողովի ժամանակ հայտարարել է Թուրքիայի Բիլգի համալսարանի պրոֆեսոր Մուրադ Բելգեն: “Ես միշտ ասում եմ, որ ցեղասպանությունը անհերքելի է եւ զոհերի թիվը բացարձակապես ոչ մի նշանակություն չունի”, – նշել է նա:

Բելգեի խոսքերով, հենց նրա վերաբերմունքը հայկական հարցին նրա հանդեպ ճնշումների պատճառ հանդիսացավ: Ինչպես նշել է Բելգեն, իր կարծիքը Հայոց ցեղասպանության մասին նա հրապարակել է նաեւ թուրքական թերթերում, սակայն չի թողել իր կոորդինատները նոր ճնշումներից խուսաթելու համար: Ավելին, նշում է նա, այսօրվա դրությամբ Թուրքիայում կան անձինք, որոնք կգերադասեին, որ Բելգեն ընդհանրապես գոյություն չունենար: Պրոֆեսորի խոսքերով, այն գործոններից մեկը, թե ինչու Թուրքիան չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, Հայաստանի կողմից տարածքային նկրտումների վախն է: Սակայն, եթե Հայաստանը հայտարարի, թե չի պահանջի վերադարձնել տարածքները, ապա շատ հնարավոր է, որ Թուրքիան ճանաչի ցեղասպանությունը: Միեւնույն ժամանակ Բելգեն նշել է, որ այսօրվա դրությամբ հարկավոր է փոխել Թուրքիայի ԱԳՆ վարած քաղաքականությունը: Նրա խոսքերով, վերջերս նա հանդիպել է Թուրքիայի ԱԳՆ աշխատակիցներից մեկի հետ, որը խորհուրդ է խնդրել հայկական հարցի վերաբերյալ, ինչին Բելգեն պատասխանել է. “Դուք այնքան եք խճճել ամեն ինչ, որ հիմա ինքներդ ելք գտեք”: Մեկնաբանելով ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցը` Բելգեն նշել է, որ բոլոր գոյություն ունեցող հարցերը անպայման կգտնեն իրենց լուծումը, սակայն կան հարցեր, որոնց լուծման համար կպահանջվի 3 ամիս, եւ կան հարցեր, որոնց լուծումը կպահանջի 3 տարի: “ԵՄ-ն այնպիսի կառույց է, որը հնարավորություն է ընձեռնում մեղմելու վիճելի հարցերի լուծման ընթացքը, ոչ առանց հակամարտությունների մասնագետների օգնության”, – ընդգծել է նա: Միեւնույն ժամանակ նա նշել է, որ ցեղասպանության մասին բարձրաձայն խոսող շատ երկրներ ուղղակի օգտագործել են այդ լոզունգները իրենց նպատակներին հասնելու համար եւ շահարկել են այդ բառերը:

Leave a Reply

Your email address will not be published.