Հայոց Ցեղասպանությունը դարձել է մեր ժամանակների ամենասարսափելի հանցագործությունը

PanARMENIAN.Net – “Շատ տարիներ հայերը եղել են միայնակ, երբ հավաքվել են հարգանքի տուրք տալու անցյալ դարասկզբի սարսափելի իրադարձությունների զոհերի հիշատակին: Այսօր առաջին անգամ դուք միայնակ չեք` ես գիտեմ Երեւանում իմ գտնվելու կարեւոր նշանակության մասին”, – հայտարարել է Իսրայելի Կնեսետի անդամ, Իսրայելի կրթության եւ բնապահպանման նախկին նախարար, “Մերեց” կուսակցության նախկին նախագահ Յոսի Սարիդը: Նա հիշեցրել է, որ հինգ տարի առաջ, երբ հայերը նշում էին Ցեղասպանության 85-րդ տարելիցը, լինելով կրթության նախարար նա ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: “Նման քայլի գնալը շատ հեշտ է, երբ դու դեռեւս նախարար չես, կամ էլ արդեն նախարար չես, սակայն այլ է, երբ դու արտահայտում ես քո մտքերը նախարար լինելով”, – ընդգծել է նա: Այսօր, երբ աշխարհի հայերը նշում են Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցը, Սարիդի կարծիքով, անհրաժեշտ է խորհել այդ իրադարձությունների մասին: “Այսօր մենք` հրեաներս, Հոլոկոստի զոհերս, պետք է վերանայենք մեր դիրքորոշումն այլ Ցեղասպանությունների նկատմամբ: Թուրքերի կողմից հայ բնակչության նկատմամբ իրականացրած ցեղասպանությունը դարձել է մեր ժամանակների ամենասարսափելի հանցագործությունը”, – նշել է նա: Թուրքիայում

ԱՄՆ դեսպանը` Հենրի Մորգենթաուն, որն ազգությամբ հրեա էր, նկարագրել է Ցեղասպանությունը ինչպես մարդկության հանդեպ ծանրագույն հանցագործություն, նա չէր կարող այն ժամանակ իմանալ, թե ինչ է սպասվում հրեաներին 20-րդ դարում: Սարիդի խոսքերով` “մեկ այլ հրեա` գրող Ֆրանց Վերֆելն իր “Մուսա լեռան 40 օրը” գրքում ցնցել է մարդկությունը”: Վերֆելը հիշում է, որ վերջին ապտակը, որն ստիպել է նրան գրել այդ ստեղծագործությունը, հայ ժողովրդի դժբախտությանը մարդկության ուշադրությունը հրավիրելու համար, եղել են Դամասկոսում նրա տեսած սոված եւ հյուծված երեխաները, որոնք հրաշքով էին փրկվել եւ հեռացել հայրենի հողից”: “Այն ժամանակ Գերմանիայում իշխում էր Ադոլֆ Հիտլերը եւ Վերֆելի գիրքը արգելված էր: Իսրայելում շատերի համար եւ անձամբ ինձ համար այդ գիրքը մեծ կրթական նշանակություն է ունեցել:

Այսօր Իսրայելում քչերը գիտեն այդ գրքի եւ Հայոց ցեղասպանության մասին, չնայած ես գիտեմ, թե հայերի համար որքան կարեւոր է հրեաների եւ Իսրայելի պետության հատկապես այդ հարցի առնչությամբ դիրքորոշումը”, – հայտարարել է Սարիդը: “Ես արել եմ եւ կանեմ ամեն ինչ, որպեսզի Իսրայելի զավակներն իմանան եւ ճանաչեն Հայոց ցեղասպանությունը: Դա հանցագործություն է մարդկության հանդեպ եւ ավելի սարսափելի հանցագործություն չի կարող լինել: Մենք` հրեաներս, ատելության զոհերս, ավելի մեծ պատասխանատվություն ենք կրում եւ պետք է ուշադիր լինենք մյուս զոհերի նկատմամբ: Ով լռում է, նա օգնում է հանցագործներին եւ չի օգնում զոհերին: Այսօր Իսրայելում պատմության ոլորոտում ստեղծվում է կրթության նոր ծրագիր, եւ ես ցանկանում եմ, որպեսզի այնտեղ ընդգրկվի նաեւ Հայոց ցեղասպանության մասին բաժին”, – հայտարարել է Իսրայելի կրթության նախկին նախարարը: Նա նաեւ նշել է, որ Իսրայելում որոշ մարդիկ գտնում են, որ ճանաչելով Ցեղասպանությունը, նրանք փոքրացնում են հրեաների Հոլոկոստի սարսափը: “Սակայն մենք` այս դահլիճում ներկա գտնվող հրեաներս, հավատում ենք, որ այո, Հոլոկոստը հրեաների դեմ սարսափելի հանցագործություն է եղել, սակայն այն ունի համամարդկային նշանակություն, քանզի ոչ միայն գերմանացիները կարող են իրականացնել Ցեղասպանություն, եւ ոչ միայն հրեաները կարող են դառնալ այդ հանցագործության զոհերը”, – նշել է Յոսի Սարիդը, տեղեկացնում է “Ռեգնում” լրատվական գործակալությունը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *