Էթյեն Ռասի. “Էյր Ֆրանսի” միջոցով մենք կփորձենք Հայաստանը ներկայացնել աշխարհին”

PanARMENIAN.Net – “Էյր Ֆրանս” ավիաընկերության պաշտոնական ներկայացուցչության բացումը Հայաստանում ավիաընկերության գլխավոր կարգախոսի իրականացումն է` “Զարգացնել տնտեսական հարաբերությունների ուղղությունը”: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց ավիաընկերության Եվրոպայի երկրների գծով տնօրեն Էթյեն Ռասին: Նրա խոսքերով, Երեւան-Փարիզ-Երեւան մշտական չվերթի բացման հարցում ընկերության համար առաջնային եղան երեք նկատառումներ: “Առաջինը, դա ռազմավարական որոշում է, քանի որ “Էյր Ֆրանսը” մտադիր է զարգացնել կապերը Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրների հետ: Երկրորդը, “Էյր Ֆրանսի” միջոցով մենք կփորձենք Հայաստանը ներկայացնել աշխարհին, որպես հին մշակույթ եւ զբոսաշրջության համար գրավիչ երկիր, եւ երրորդը` “Զվարթնոց” միջազգային օդանավակայանը միակն է տարածաշրջանում, որ կարող է Airbus-320 տիպի ինքնաթիռներ ընդունել”, – ասել է նա: Ըստ Ռասիի, նոր չվերթը կավելացնի ընկերության ուղեւորահոսքը տարածաշրջանում 10 տոկոսով: Նա նաեւ նշել է, որ չվերթերի չվացուցակը այնպես է կազմվել, որ ուղեւորները հասցնեն այլ չվերթերի` ժամանման օդանավակայանից: “Մենք նաեւ համաձայնության ենք եկել Հայաստանի ազգային փոխադրող “Արմավիա” ընկերության հետ համատեղ չվերթերի վերաբերյալ: Համաձայնագիրը դեռեւս պաշտոնապես ստորագրված չէ, սակայն ես կարծում եմ, որ դա մոտ ապագայի գործ է”, – ասել է “Էյր Ֆրանսի” Եվրոպայի գործերով տնօրենը:

Ոչ Ադրբեջանում, ոչ Վրաստանում “Էյր Ֆրանս” ավիաընկերությունը մտադիր չէ բացել պաշտոնական ներկայացուցչություն: “Հայաստանը մեզ բավարարում է որպես տարանցիկ երկիր”, – ընդգծել է Էթյեն Ռասին:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *