Հայաստանը կարող է ռազմավարական հետաքրքրություն ներկայացնել ֆրանսիական ֆիրմաների համար

PanARMENIAN.Net – Հայաստանը կարող է ռազմավարական հետաքրքրություն ունենալ ֆրանսիական ֆիրմաների համար: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Քյունին: Նրա խոսքերով, “Էյր Ֆրանս” ընկերության կողմից կանոնավոր օդային հաղորդակցության բացումը Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ ունի ոչ միայն տնտեսական, այլ նաեւ քաղաքական նշանակություն: “Գլոբալացման պայմաններում քաղաքական հարաբերությունների ցանկացած զարգացում անհնար է առանց տնտեսական կապերի ամրապնդման: Եվ այդ կապակցությամբ ուղիղ օդային հաղորդակցության բացումը մեր երկրների միջեւ շատ կարեւոր է”, – ասել է Անրի Քյունին:

Որպես հաջող տնտեսական համագործակցության օրինակ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը բերել է համատեղ ձեռնարկությունները գյուղատնտեսության, դեղագործության, “Ռենո” ավտոմեքենաների ներկրման ոլորտներում: Միեւնույն ժամանակ դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարն ընդգծեց, որ չվերթի բացումը պայմանավորված է Ֆրանսիայում Հայաստանի տարվա անցկացումով, որի պաշտոնական բացումը կլինի սեպտեմբերին: Անրի Քյունին նշել է նաեւ հայ համայնքի մեծ դերը Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ քաղաքական-տնտեսական կապերի հաստատման գործում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *