Կայացավ Երեւանի պատմության թանգարանի պաշտոնական բացումը

“Հազարամյակների պատմություն ունեցող քաղաքին վայել թանգարան է: Վստահ եմ, որ շարունակաբար հավաքելով մեր մայրաքաղաքի պատմության վկայությունները, այն լինելու է Երեւանի ամենաայցելվող կենտրոններից մեկը”, – ապրիլի 3-ին Երեւանի պատմության թանգարանի պաշտոնական բացման ժամանակ պատվավոր հյուրերի մատյանում այսպիսի գրառում արեց ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը նշեց, որ նվազագույն պայմաններից զուրկ տարածքներում մի քանի տարի գործելուց հետո թանգարանը վերջապես գտել է իր մշտական եւ վերջնական հանգրվանը` քաղաքապետարանի նորակառույց շենքում: Նա հայտնեց, որ 2005թ.-ից քաղաքապետարանի շենքում արդեն գործում էր թանգարանի մեկ ցուցասրահը:

Ընդհանուր առմամբ 87 հազար ցուցանմուշ ունեցող թանգարանում, ըստ Ե.Զախարյանի, 2 տարվա ընթացքում լուրջ եւ մեծ ծավալի աշխատանքներ են կատարվել: Պետության կողմից տրամադրվել է 71 մլն դրամ, որի շնորհիվ ամբողջությամբ կահավորվել եւ ձեւավորվել են բոլոր ցուցասրահները:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *