Երեւան քաղաքի պատմության թանգարանն այսուհետ կգործի նոր տարածքում եւ նոր ցուցադրությամբ

Երեւանի քաղաքապետարանի շենքում այսօր ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ քաղաքապետ Երվանդ Զախարյանի մասնակցությամբ վերաբացվեց Երեւան քաղաքի պատմության թանգարանը: Այն 75 տարվա գոյության ընթացքում հինգ անգամ տեղափոխվել է, 56 տարի գործել է Երեւանի Կապույտ մզկիթում:

Քաղաքապետարանի նոր շենքի կառուցման ժամանակ թանգարանին տարածք է հատկացվել: 2005թ-ից այն ներկայանում էր միայն ժամանակավոր, թեմատիկ ցուցադրություններով, այսօր` “Երեւանը հնագույն ժամանակներից մինչ այսօր” խորագրով ցուցադրությամբ:

Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը բացման խոսքում նշեց, որ այժմ թանգարանը գտել է իր վերջնական եւ մշտական հանգրվանը: Պահվող 87 հազար նմուշները վկայում են Երեւանի ու բնակչության բազմադարյա պատմության մասին: Թանգարանի հնագույն նմուշը 80 հազար տարեկան է:

Ե.Զախարյանի խոսքով` վերջին երկու տարվա ընթացքում ՀՀ կառավարության տրամադրած 71 միլիոն դրամի շրջանակներում մեծածավալ աշխատանքներ են կատարվել: Հնարավոր է եղել ամբողջությամբ կահավորել եւ ձեւավորել բոլոր ցուցասրահները: Քաղաքապետը շնորհակալություն հայտնեց ՀՀ նախագահին ու կառավարությանը մշտական ուշադրության եւ գործուն աջակցության համար, նաեւ թանգարանի աշխատակազմին, որ վատագույն պայմաններում կարողացել է պահպանել ցուցանմուշները:

“Բոլորն այսուհետ պարտավոր են ուշադիր լինել թանգարանի հանդեպ, պահպանել այն ու հասցնել սերունդներին”, – ասաց Ե.Զախարյանը:

ՀՀ ԳԱ ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի խոսքերով` փաստելով Երեւանի 2788-ամյակը` անհրաժեշտ է ունենալ դրա փաստական նյութը: Այդ իմաստով, ըստ նրա, շատ ցավալի էր, որ հնամյա Երեւանը տասնամյակներ շարունակ ըստ արժանվույն չուներ թանգարանային շենք: Իսկ այսուհետ քաղաքապետարան այցելող արտասահմանյան հյուրերը եւս կծանոթանան հնամյա քաղաքի կենսագրությանը:

Ա.Մելքոնյանի գնահատմամբ` թանգարանում հին շրջանը շատ հարուստ է ներկայացված, քանի որ քարեդարի ժամանակաշրջանից Երեւանի տարածքում հնավայրեր են եղել: Նա ցավալի համարեց, որ վաղ միջնադարյան ժամանակաշրջանն աղքատ է, որովհետեւ պատմության այդ հատվածում քաղաքների զարգացումն անկում է ապրել: Ներկայանալի նյութ կա նաեւ 10-13-րդ դդ-ից, ուշ միջնադարի շրջանից: Նոր եւ նորագույն շրջանը ներկայացնում է մերօրյա Երեւանի ողջ պատկերը:

Թանգարանում շրջելուց հետո ՀՀ նախագահը գրառում կատարեց պատվո հյուրերի հուշամատյանում: “Հազարամյակների պատմություն ունեցող քաղաքին վայել թանգարան է: Վստահ եմ, որ շարունակաբար հավաքելով մեր մայրաքաղաքի պատմության վկայականները` այն լինելու է Երեւանի ամենաշատ այցելու ունեցող կենտրոններից մեկը”, – գրեց Ռ.Քոչարյանը:

Թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանը նշեց, որ ՀՀ նախագահին շատ են հետաքրքրել 80 հազար տարվա պատմություն ունեցող նյութերը: Ռ. Քոչարյանն արժեքավոր է համարել քաղաքաշինության հետ կապված նմուշները, քաղաքի հին լուսանկարները, խեցեղենը, Կարմիր բլուրի 3 հազարամյա կարասը, հնամյա գորգերը, տարազները:

Ա.Սարգսյանը վստահություն հայտնեց, որ թանգարանն իր նոր, ներկայանալի տարածքով եւ ցուցադրությամբ մեծ հետաքրքրություն կառաջացնի զբոսաշրջիկների մոտ: Այս տարի ծրագրվում է վերականգնել վնասված ցուցանմուշները:

Ա.Սարգսյանը ՀՀ նախագահին նվիրեց թանգարանի 75-ամյակին նվիրված գիտական նստաշրջանի զեկույցների ժողովածուն:

Թանգարանը հիմնադրվել է 1931թ-ին, եւ առաջին նվիրատվությունները կատարել են մշակույթի մեծերը` Մարտիրոս Սարյանը, Գուրգեն Մահարին, Եղիշե Չարենցը: Երբ հավաքվել է 800 ցուցանմուշ, թանգարանին փոքրիկ մասնաշենք է տրամադրվել:

Իրանահայ Հուսիկ Բուդաղյանը թանգարանի վերաբացման կապակցությամբ նվիրել է 1919թ-ի երաժշտական թանկարժեք գործիքներ:

www.armradio.am

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *