Մի հանդիպման պատմություն

Որպես նորանշանակ նախարար՝ 1998թ. նախագահ Քոչարյանն իմ առջև խնդիր էր դրել Լեռնային Ղարաբաղի հարցում նախ բեկանել Ղարաբաղի հիմնահարցի շուրջ ձևավորված փուլային լուծման նպատակահարմարության գաղափարը և երկրորդ՝ գաղափարական նոր դաշտ ստեղծել, որի շրջանակում միջազգային հանրության համար ընդունելի կլիներ դիտարկել ԼՂ հիմնահարցի կարգավորման համապարփակ լուծումը:

Պետք է արձանագրել, որ միջազգային հանրության աջակցությունը փուլային լուծմանը պայմանավորված էր այն հանգամանքով, որ ոչ ոք չէր հավատում, որ ԼՂ կարգավիճակի շուրջ հնարավոր կլինի համաձայնություն ձեռք բերել կողմերի միջև: Մի կողմից Ադրբեջանը պնդում էր ԼՂ ինքնավար կարգավիճակի վրա` իր տարածքային ամբողջականության շրջանակում, մյուս կողմից՝ հայկական կողմի համար բացարձակապես անընդունելի էր Ղարաբաղի ցանկացած կարգավիճակ Ադրբեջանի կազմում: Կարգավիճակի հարցում միջազգային հանրությունը նախապատվությունը տալիս էր ադրբեջանական մոտեցմանը, ինչը բոլորի համար բացահայտեց Լիսաբոնի հայտարարությունը, որն արեց ԵԱՀԿ գործող նախագահը 1996թ. ԵԱՀԿ գագաթաժողովի ավարտին:

Մեզ համար սա փակուղային վիճակ էր: Փակուղին այն էր, որ եթե մենք մերժում ենք փուլային մոտեցումը և պնդում, որ կարգավիճակի հարցը ներառվի բանակցությունների օրակարգում, ապա բախվում ենք տարածքային ամբողջականության անսասան սկզբունքին: Մյուս կողմից՝ եթե մերժում ենք ինքնավարության ցանկացած տեսակ, ուրեմն մեզ այլընտրանք չի մնում, քան առաջ շարժվել փուլային տարբերակով: Ուստի այդ փակուղուց դուրս գալու համար ահնրաժեշտ էր կարգավիճակի հարցում գաղափարական նոր դաշտ ստեղծել, որի շրջանակում հնարավոր կլիներ խոսել կարգավիճակի մասին՝ մի կողմից առանց հարուցելու միջազգային հանրության զայրույթն ու հակակրանքը և մյուս կողմից` առանց զիջելու մեր սկզբունքային դիրքերը և առանց հարուցելու հայ ժողովրդի ցասումն ու նախատինքը:

Քոչարյանի և իմ մտքում Լեռնային Ղարաբաղի կատարյալ ինքնորոշումը, այսինքն` անկախությունը կամ Հայաստանի հետ միացումը, անսակարկելի էր, դա մեր գերագույն նպատակն էր: Մեր առջև ծառացած խնդիրն այն էր, թե ինչպես հասնել այդ նպատակին: Այդ օրերին նման վերջնանպատակի բացահայտումը և դրա բացահայտ հետապնդումը դիվանագիտական կոպիտ սխալ կլիներ: Մենք չէինք ունենա միջազգային որևէ աջակցություն. իրականում, անհրաժեշտ էր միջանկյալ մի փուլ, որի ընթացքում պետք էր ցուցաբերել դիվանագիտական ճկունություն` ձևավորված կարծրատիպերը հաղթահարելու համար:

Ահավասիկ, այս մտորումների արդյունքում ծնվեցին մի քանի տարբեր ձևակերպումներ, որոնք և ուղենիշ հանդիսացան այդ փուլում մեր դիվանագիտական գործունեության և գաղափարական հիմնավորումների համար: Նախ՝ շրջանառության մեջ դրվեց մեզ համար ընդունելի լուծման սկզբունքների եռյակը. առաջինը՝ ԼՂ և Ադրբեջանի միջև հորիզոնական հարաբերություններ, երկրորդը՝ ԼՂ և Հայաստանի միջև ցամաքային կապ և երրորդը՝ ԼՂ ժողովրդի անվտանգության երաշխիքը: Կարգավիճակի առումով շրջանառության մեջ դրվեց հարցի ոչ կոնվենցիանալ մոտեցման գաղափարը, որի դրսևորումներից մեկը եղավ “փաստորեն անկախ, իրավականորեն ոչ Ադրբեջանի կազմում” ձևակերպումը: Մեր փաստարկներում ներմուծեցինք նաև իրավական տարրը: Մենք բացատրեցինք, որ սա պարզապես ինքորոշում չէ, այլ ինքնորոշում է մի ժողովրդի՝ այնպիսի տարածքի վրա, որի հանդեպ Ադրբեջանը չի կարող իրավական հավակնություններ ունենալ, քանի որ ԼՂ-ն երբեք անկախ Ադրբեջանի մաս չի կազմել:

1918-20 թթ., երբ Ադրբեջանը, ինչպես և Հայաստանը, կարճաժամկետ անկախություն ձեռք բերեց, Ղարաբաղը Ադրբեջանի մաս չէր: 1991թ., երբ ԽՍՀՄ փլուզման արդյունքում մեր երկրները անկախացան, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը հանրաքվե անցկացրեց խորհրդային օրենսդրության շրջանակում և քվեարկեց Ադրբեջանից դուրս գալու օգտին: Այդպիսով, 1991թ. ևս ԼՂ-ն անկախ Ադրբեջանի մաս չի եղել:

Գաղափարական այսպիսի զինանոցով ես իմ նախարարական գործունեությունը սկսեցի: Առաջին հանդիպումը, որտեղ այս գաղափարները գործի դրեցի, Պրիմակովի հետ հանդիպումն էր: Այս թեմայով իմ երկրորդ կարևոր հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի հետ էր Լիբանանի վարչապետ Ռաֆիկ Հարիրիի միջնորդությամբ:

Մի օր Քոչարյանը հյուրընկալված է եղել լոնդոնաբնակ գործարար Վաչե Մանուկյանի` Կաննում խարիսխ գցած շքեղ նավի վրա: Այդ օրերին այնտեղ է եղել նաև Լիբանանի վարչապետ Ռաֆիկ Հարիրին, որը բարեկամական հարաբերություններ ուներ իր հայրենակից Վաչե Մանուկյանի հետ: Օգտվելով առիթից՝ Հարիրին իր նավի վրա ճաշկերույթի է հրավիրել Քոչարյանին և Մանուկյանին: Ճաշի ընթացքում զրույց է ծավալվել նաև Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ: Մինչ այդ, Հարիրին, տեղեկանալով, որ ԼՂ կարգավորման գործընթացը փակուղի է մտել և որ Ֆրանսիան միջնորդ երկրներից մեկն է, ասել էր, որ մտերմիկ, բարեկամական հարաբերություններ ունի Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի հետ և Քոչարյանին առաջարկել էր` առաջին իսկ հնարավորության դեպքում առիթ ստեղծել, որ Հայաստանն իր մոտեցումները մանրամասն ներակայացնի նրան:

1998թ. մայիսի 28-ին ես Լյուքսեմբուրգում էի` մասնակցելու ՆԱՏՕ-ի Համգործակցության խորհրդի նախարարական հանդիպմանը: Ուշ երեկոյան զանգ եկավ Քոչարյանից. նա ինձ հանձնարարեց անմիջապես մեկնել Բեյրութ` հանդիպելու Ֆրանսիայի նախագահին և նրան ներկայացնելու Հայաստանի մոտեցումները ԼՂ կարգավորման հարցում:

Այդ օրերին Շիրակը պաշտոնական այցով Լիբանանում էր, և վարչապետ Հարիրին արդեն ստացել էր նախագահ Շիրակի համաձայնությունը այդ հանդիպումը կազմակերպելու համար: Նույն օրը օրվա երկրորդ կեսին ժամանեցի Բեյրութ: Լեբանանում ՀՀ դեսպան Արման Նավասարդյանի հետ միասին ինձ դիմավորելու էր եկել Հարիրիի օգնական Արա Սիսերյանը: Նա հենց այնտեղ, օդանավակայանում մանրամասներ ներկայացրեց հանդիպման ժամանակի, վայրի և արարողակարգային մի քանի այլ հարցերի մասին: Ես հրավիրված էի մասնակցելու մայիսի 30-ի երեկոյան կայնալիք` Հարիրիի կողմից Շիրակի պատվին տրվող պաշտոնական ճաշին, որը պետք է կայանար Բեյրութի արևմտյան մասում գտնվող Հարիրիի առանձնատան ընդունելությունների սրահում: Մինչև ճաշը սկսվելը, ես Շիրակի և Հարիրիի հետ պետք է առանձնանայի վերջինիս աշխատասենյակում, որտեղ շուրջ 30 րոպե պետք է զրուցեինք ԼՂ կարգավորման հարցի շուրջ: Ճիշտ այդպես էլ եղավ:

1998թ. մայիսի 30-ին, ժամը 19:45-ին ես արդեն Հարիրիի աշխատասենյակում էի և սպասում էի նրանց ժամանելուն: Ուղիղ ժամը 20:00-ին ներս մտան Հարիրին ու Շիրակը: Միմյանց ողջունելուց և Հարիրիի հետ մի քանի նախադասություն արաբերենով փոխանակելուց հետո, անցանք անգլերենի և բուն նյութին: Ընդհամենը երկու շաբաթ առաջ, Մոսկվայում Պրիմակովի հետ հանդիպումը կարծես նախափորձ լիներ այս հանդիպման համար: Այստեղ արդեն իմ խնդրին էր մեր մոտեցումները համատեղելի դարձնել համաեվրոպական շահերի և սկզբունքների հետ: Ոչ կոնվենցիոնալ մոտեցման գաղափարը և դե ֆակտո անկախ, դե յուրե ոչ Ադրբեջանի կազմում բանաձևը միանգամայն հասկանլի դարձավ Շիրակի համար: Քննարկումների և ինձ ուղղված պարզաբանող մի քանի հարցերից հետո Շիրակը հայացքն ուղղեց Հարիրիին և ասաց. “Սա ինձ արդեն հնարավորությոն կտա ներգրավվելու և աշխատելու կողմերի հետ”: Եվ իրոք, հաջորդ մի քանի տարիների ընթացքում Շիրակը դարձավ բանակցությունների հիմնական շարժիչ ուժը: Նրա անձնական մասնակցության շնորհիվ բանակցությունները գաղափարական լուրջ բեկում ապրեցին:

Լուսանկարը՝ անձնական արխիվից:

Վարդան Օսկանյան` 1998-2008թթ. ՀՀ արտաքին գործերի նախարար
www.mediamax.am

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *