Քոչարյանի ֆորմալ բացակայությունը

Երկրի երրորդ և առաջին նախագահները ուղղակիորեն ներգրավված են ԱԺ ընտրություններին: Սեփական ձեռքով ու խղճով կազմել են իրենց համամասնական ցուցակները, անձնամբ գլխավորում են դրանք, պատրաստվում են սեփական դեմքով մասնակցել քարոզարշավին:

Երկրի երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանը որևէ տեսանելի մասնակցություն ԱԺ ընտրություններին չունի: Նա չի կազմել ցուցակ, չի գլխավորում քաղաքական ուժ, ակնհայտորեն չի մասնկացելու քարոզարշավին: Քոչարյանի այս բացակայությունը, սակայն, ֆորմալ նշանակություն ունի:

Ակնհայտ է, որ երկրորդ նախագահը ունի զգալի ազդեցություն հայաստանյան քաղաքական պրոցեսների վրա: Թե ինչ ծավալի և ուժգնության մասին է խոսքը` գործնականում անհնար է ասել: Բայց, որ այն կա` միանշանակ է: Քոչարյանը իրեն հեռու պահելով նախընտրական “ռազբորկաններից”, հայտնվում է ավելի շահեկան վիճակում: Մեծ քաղաքականության մեջ դադարի գաղափարը, երբեմն վճռորոշ է դառնում: Գուցե, հենց այս հաշվարկից ելնելով, նա վերջին ամիսներին իրեն ընդգծված հեռու է պահում ընթացիկ քաղաքականությունից:

Մյուս կողմից, նա չի կարող անվերջ լռել: Եթե երկրորդ նախագահը հավատարիմ է իր խոստմանը, և պատրաստվում է վերադառնալ մեծ քաղաքականություն, ապա նա մի օր պարտավոր է լինելու խոսել` կետ առ կետ վերլուծել իրավիճակը, ներկայացնել իրականության իր գնահատականները և տալ կոնկրետ լուծումների տարբերակներ: Ի դեպ, հանրությունը Քոչարյանից պահանջում է հենց այսպիսի մոտեցում: Կոալիցիոն հիմնական երկու ուժերի համագումարներում իրականությանը տրվեցին իրարամերժ գնահատականներ. ՀՀԿ-ն գտնում է , որ ամեն ինչ նորմալ է, ԲՀԿ-ն գտնում է, որ առկա են զգալի ձախողումներ ու նոր լուծումներ են պետք: Քաղաքական երրորդ հիմնական ուժերից մյուսը` ՀԱԿ-ը, ընդհանրապես մերժում է բոլորին ու ամեն ինչ:

Արանից, սակայն, իրականությունը չի փոխվում,մարդկանց կենսամակարդակը չի լավանում, խնդիրները չեն լուծվում, արտագաղթը չի նվազում: Ահա, այս հարցերի շուրջ են մարդիկ սպասում Քոչարյանի խոսքին: Եթե երկրորդ նախագահը դրա փոխարեն ներգրավի ներքաղաքական «ռազբորկաներին», ապա նա կարող է վատնել իր անձի շուրջ ստղեծված զգալի սպասումային ռեսուրսը: Իսկ եթե նա գնաց սթափ վերլուծության, գնահատկանների և առաջարկների ճանապարհով, ապա կարող է զգալի կոնսոլիդացիոն ռեսուրս ապահովել:

Ատոմ Ակայան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *