Աղետի գոտի

Թալանված ու վաղուց անգործության մատնված խորհրդային շինարարական կռունկների երկնասլաց ուրվականները էլ ավելի հոգեմաշ ու սարսափելի էին դարձնում երկրաշարժից ավերված քաղաքի տխուր պատկերը: Սա նշանակում էր աղետալի անտարբերություն “Աղետի գոտու” և այնտեղ ապրող մարդկանց ճակատագրերի նկատմամբ: Կարող էր Հայաստանի Հանրապետությունը տնտեսական վերելք ունենալ, եթե նրա երկրորդ քաղաքն ու առհասարակ` հյուսիսային Հայաստանի մի զգալի մասը ոչ միայն մասնակից չէին դառնալու այդ վերելքին, այլև ընկղմված էին մնալու “միջնադարյան” մոռացության գրկում: Սա կնմանվեր համարձակորեն ծովը նետված լողորդի պարանոցից կախված հսկայական քարի: Այդպես չէր կարող լինել:

“Աղետի գոտի” իր առաջին իսկ այցի ընթացքում Հանրապետության նորընտիր նախագահ Ռոբերտ Քոչարյանը բարձրաձայնեց այդ մասին: Ոչ միայն բարձրաձայնեց, այլև երկրի աղետյալ մասի վերականգնման կոնկրետ ժամկետներ նշեց: Թող որ այդ ժամկետները հետագայում փոքր ինչ փոփոխություններ կրեցին, սակայն Ռոբերտ Քոչարյանին հաջողվեց դեռ մինչ իր նախագահական երկրորդ շրջանի ավարտը ի չիք դարձնել “Աղետի գոտի” չարագուշակ տերմինը: Առաջին անգամ երկրի պետական բյուջեից երկրաշարժի հետևանքների վերացման համար գումար հատկացվեց Քոչարյանի նախագահ դառնալուց հետո միայն: Հասկանալի է, որ միայն բյուջեով անհնար էր կարճ ժամկետում շինարարական մեծ թափ հաղորդել վերականգնման աշխատանքներին: Օգտագործելով իր հեղինակությունը` Ռոբերտ Քոչարյանը կարողացավ այդ գործին ի սպաս դնել “Հայաստան” Համահայկականի, Հանսմանի, ՀՕՖ-ի, ՀՕՄ-ի և բազմաթիվ այլ բարեգործական հիմնադրամների ու կազմակերպությունների միջոցները:

Բավական է միայն մի հետադարձ հայացք գցել իր նախագահական տարիներին “Աղետի գոտի” Քոչարյանի կատարած բազմաթիվ այցերի գրաֆիկին, որպեսզի այսօրվա հեռավորությունից էլ հասկանալի լինի, թե ինչ հսկայական է երկրորդ նախագահի դերն ու ջանքը մեր երկրի ավերված հատվածի վերազարթոնքի գործում:

“Բնակարանաշինություն” ծրագիրը

Լինսի հիմնադրամը 2001 թվականին Շիրակի և Լոռու մարզերում սկսեց “Բնակարանաշինություն” ծրագիրը: 2002 թվականին հիմնադրամը եռապատկեց հատկացված գումարը` հասցնելով այն 45 միլիոնի:

Այս ծրագրով Շիրակի և Լոռու մարզերում կատարվել են երկրաշարժից վնասված շենքերի ուժեղացման և վերականգնման, կիսակառույց շինարարության ավարտման և նոր շենքերի կառուցման աշխատանքներ:

“Բնակարանաշինություն” ծրագիրով Շիրակի և Լոռու մարզերում կառուցվել է 9 և ավելի բալ սեյսմակայունությամբ 149 շենք` 3674 բնակարանով:

Շիրակում բնակիչներին է հանձնվել 86 շենք. 85-ը Գյումրիում, մեկը` Ախուրյանում: Դրանցից 48-ը նորակառույց է, 38-ը` ուժեղացված և վերականգնված:

Լոռիում բնակիչներին է հանձնվել 63 շենք, որից 49-ը Սպիտակում, 3-ը` Վանաձորում, 9-ը` Ստեփանավանում և 2-ը` Գուգարք գյուղում: Դրանցից 52-ը նորակառույց է, 5 -ը` ուժեղացված և վերականգնված: Ավարտվել է կիսակառույց 6 շենքի շինարարություն: Բնակարաններ իրենց հատակագծային լուծումներով առավել հարվարավետ են և վերջնական հարդարված, ինչը շատ բնակչության սոցիալական ցածր կենսամակարդակի պայմաններում: Խոհանոցն ու սանհանգույցը սալիկապատված են, ներքին դռները` փայտյա: Շենքերը հիմնականում գազաֆիկացված են: Ներդրված է անհատական ջեռուցման համակարգ:

Ուժեղացված և վերականգնված բնակելի շենքերում, ի հաշիվ նոր նախագծային լուծումների, կատարվել են բնակելի մակերեսների ավելացումներ: Գյումրի քաղաքում կառուցապատվել է քաղաքի մուտքը համարվող Երևանյան խճուղին, Շիրակացի փողոցը, Անտառավան թաղամասի բնակելի գոտին, Հույս թաղամասը և Շառլ Ազնավուրի հրապարակը:

Սպիտակում կառուցվել են պայմանական անվանումներով Կենտրոն 1, Կենտրոն 2 և Կենտրոն 3 թաղամասերը: Այս նորաստեղծ բնակարանային համալիրի նախագիծը արժանացել է Հայաստանի Հանրապետության Նախագահի ամենամյա մրցանակին:

Այսպիսով` 149 շենք, 3674 բնակարան: Սա նշանակում է, որ 3674 ընտանիք հրաժեշտ է տալիս ժամանակավոր տնակներին և ավելի է հեռանում ահավոր երկրաշարժի հուշերից: