

Ուղիղ 19 տարի առաջ, ճիշտ այս օրը՝ սեպտեմբերի 2-ին, ընդունվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անկախության հռչակագիրը: Դա հիրավի պատմական իրադարձություն է հայ ժողովրդի նորագույն պատմության մեջ: Նույնքան կարեւոր ու շրջադարձային որոշում, որքան 1990-ի օգոստոսին Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրի ընդունումը, որի 20-րդ տարեդարձը նշեցինք օրերս:
Թերթը նշում է, որ "այստեղ, անշուշտ, արժանին պետք է մատուցել Հայաստանի ու Արցախի բոլոր այն գործիչներին, որ ընդունեցին այդ որոշումն ու լծվեցին նրա իրականացմանը: Պետք է հիշել բոլորին անխտիր, սկսած լուսահոգի Արթուր Մկրտչյանից, վերջացրած Օլեգ Եսայանով, ով այժմ դիվանագիտական պատասխանատու ծառայության մեջ է: Անխոս, պետք է հարգանքի տուրք մատուցել բոլոր հերոսներին, ազատամարտի բոլոր՝ հայտնի ու անհայտ մասնակիցներին:
Այո, Արցախին մեծ զոհողությունների շատ թանկ գնով տրվեց անկախ ու ինքնիշխան ապրելու որոշումն ու դրա իրագործումը: Այնուհանդերձ պետք է շեշտել, որ շատ կարճ ժամանակահատվածում, նույնիսկ պատերազմական պայմաններում, արագորեն կազմավորվեցին ու կայացան արդեն անկախ Արցախի պետական կառույցները: Պատերազմական իրավիճակում, հատկապես 1992-ի ծանրագույն եւ կորստաբեր ամռանը, էական դարձավ ԼՂՀ պաշտպանության պետական կոմիտեի գործունեությունը:
Եւ այդ ամենի մեջ, ինչ խոսք, իրենց անուրանալի ներդրումն ունեն թե ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանը, որ Արցախի ինքնապաշտպանության ուժերի կոմիտեն է ղեկավարել, թե նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Վերջինս, ՊՊԿ նախագահի պարտականություններից բացի, ստանձնելով ԼՂՀ վարչապետի պաշտոնը, իր ավանդն ունի այն գործում, որ այդ ծանր շրջանում հաջողվեց ապահովել բոլոր ուժերի կենտրոնացումը եւ բեկել Արցախյան ազատամարտի ընթացքը", - գրում է պարբերականը:
Թերթը նշում է նաեւ, որ "ԼՂՀ-ն մեր տարածաշրջանում այն եզակի պետական կազմավորումն է, որ չնայած միջազգայնորեն "դե յուրե" չճանաչված լինելուն, առանց ցնցումների եւ բախումների, քաղաքական մրցակցության պայմաններում, երեք անգամ նախագահի փոփոխություն է կատարել՝ համաժողովրդական ընտրություններով: Խոսքը թե նախագահական, թե խորհրդարանական ընտրությունների մասին է:
Այդ ամենը էլ ավելի է ընդգծում, որ ինքնորոշված Արցախի անկախությունն անշրջելի է: