

ՀԱՐ Ց- Պարոն Նախագահ, օրերս տեղի կունենա Ձեր պաշտոնական այցը Բելգիա եւ եվրոպական կառույցներ: Ինչ տեղ է գրավում եվրոպական ուղղությունը Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ եւ ինչ եք ակնկալում Եվրոպայի հետ համագործակցությունից:
ՊԱՏԱՍԽԱՆ - Մենք մեծ նշանակություն ենք տալիս ինչպես եվրոպական երկրների հետ երկկողմ հարաբերությունների զարգացմանն, այնպես էլ համաեվրոպական կառույցների հետ համագործակցությանը: Եվրոպական ուղղության համատեքստում ես կառանձնացնեի երկու կարեւորագույն դրույթ, որոնցով առաջնորդվում է Հայաստանն իր արտաքին քաղաքականության մեջ: Առաջինը` գիտակցել եվրոպական գործընթացներին ինտեգրվելու անշրջելիությունը եւ երկրորդ` Հայաստանն ընկալել որպես Եվրոպայի մաս, փնտրել նրա տեղն ու դերը եվրոպական ճարտարապետության մեջ:
Մենք գործուն քայլեր ենք ձեռնարկում մերձենալու եվրոպական ինստիտուտներին եւ դա Հայաստանի համար բնական գործընթաց է: Մեր երկիրը միշտ էլ իրեն զուգորդել է Եվրոպայի հետ, զգացել նրա մի մասը: Մեր միջեւ գոյություն ունեն դարավոր պատմական եւ մշակութային կապեր, մեր սկզբունքներն ու նպատակները, ժողովրդավարության զարգացման եւ ամրապնդման վերաբերյալ մոտեցումները համահունչ են:
Եվրոպան պարզորոշ ցույց տվեց, որ բարգավաճումն ու անվտանգությունն ամուր կապված են կառավարման ժողովրդավարական համակարգի եւ մարդու իրավունքների անվերապահ պահպանման հետ: Մենք մեր պետությունը կառուցում ենք հիմնվելով հենց այդ սկզբունքների վրա եւ եվրոպական կառույցների հետ սերտ համագործակցությունը կարեւոր նշանակություն ունի այդ նպատակներին հասնելու համար: Եվրամիության հետ ործընկերության եւ համագործակցության մասին համաձայնագիրը, որը գործում է 1999թ. հուլիսից, մեր հարաբերությունները բարձրացրեց որակական նոր մակարդակի: Այդ համաձայնագրի շրջանակում մենք սկսեցինք մեր իրավական նորմերն ու պրակտիկան եվրոպական չափանիշներին ներդաշնակեցնելու ծրագիր: Եվրոպական ինստիտուտների աջակցությամբ Հայաստանը հետեւողականորեն շարունակում է տնտեսության ազատականացման եւ պետական կառավարման բարեփոխումների քաղաքականությունը:
Այդ ուղղությամբ մեր հաջողությունների արդյունքն այս տարվա հունվարին Հայաստանի անդամակցությունն էր Եվրոպայի Խորհրդին: Այն հանգրվանային իրադարձություն է, որը նոր լիցք հաղորդեց Եվրոպայի հետ մեր հարաբերություններին եւ կնպաստի Հայաստանի հետագա ինտեգրացմանը եվրոպական կառույցներին:
ՀԱՐՑ - Պարոն Նախագահ, Եվրամիության հետ համագործակցության ո±ր ուղղություններն են այսօր առաջնային Հայաստանի համար: Նախապատվությունը տրվում է քաղաքական, թե տնտեսական ծրագրերին:
ՊԱՏԱՍԽԱՆ - Քաղաքական ոլորտում մեր հարաբերությունները զարգանում են բավական վաղուց, եւ ես գոհ եմ այդ գործընթացի դինամիկայից ու արդյունավետությունից: Բացի այդ, մեզ կապում են լուրջ տնտեսական շահեր:Մեր առեւտրաշրջանառության մոտ քառասուն տոկոսը Եվրամիության երկրների հետ է: Հայաստանից արտահանումն այդ երկրներ կազմում է շուրջ 107 մլն ԱՄՆ դոլար: Սրանք ծանրակշիռ թվեր են, եւ մենք շահագրգռված ենք դրանց ավելացմամբ: Զարգանում է նաեւ եվրոպական երկրների հետ երկկողմ տնտեսական համագործակցությունը, մասնավորապես Բելգիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, երմանիայի, Իտալիայի եւ Հունաստանմի հետ: Բելգիան առաջին տեղն է գրավում Հայաստանում մշակվող ադամանդի արտահանմամբ: Հայաստանում ամբողջությամբ կամ մասամբ գործում են եվրոպական կապիտալի վրա հիմնված շուրջ 150 ձեռնարկություններ: Մեր գործարարներն ավելի ու ավելի հաճախ գործընկերներ են գտնում եվրոպական տարբեր երկրներում, իսկ պետությունն ակտիվորեն նպաստում է Հայաստանի տնտեսության մեջ եվրոպական կապիտալի ներգրավմանը: Ինչ վերաբերում է խոշոր ծրագրերին, այդ ուղղությամբ եւս կա որոշակի աշխատանք: Մեր հարաբերություններում կարեւոր տեղ են գրավում նաեւ Հայաստանի էներգետիկ անվտանգությանն առնչվող հիմնախնդիրները:
Ինչ վերաբերում է առաջնություններին, ներկա փուլում դեռեւս առկա է տնտեսական համագործակցության չօգտագործված բավականին մեծ պոտենցիալ եւ մենք աշխատում ենք, որ այդ ոլորտը զարգանա ավելի ակտիվ:
Միեւնույն ժամանակ, ուզում եմ նշել, որ քաղաքական գործընթացները եւ տնտեսական համագործակցությունը սերտորեն կապված են միմյանց հետ, եւ ես դրանք միմյանցից չեմ սահմանազատի: Մենք բավարար առաջընթաց ենք գրանցել ժողովրդավարական ինստիտուտների հիմնման գործում: Քաղաքական միջավայրը Հայաստանում դառնում է ավելի հուսալի եւ կանխատեսելի, ինչը կարեւոր նշանակություն ունի մեր գործընկերների ու ներդրողների համար: Մենք ձգտում ենք ստեղծել հստակ, միջազգային չափանիշներին համապատասխանող եւ գործարարների համար ընդունելի խաղի կանոններ, ինչպես նաեւ ապահովել դրանց իրագործումը:
Ժամանակակից Եվրոպան մեզ ներկայանում է բազմաշերտ քաղաքական մի կառույց, որի միջոցով իրականանում է անվտանգության խնդիրների լուծման, ժողովրդավարության կառուցման, մարդու իրավունքների, օրենքի գերակայության, ավելի զարգացած տնտեսական համակարգերի անցման հավաքական ձգտումը: Անդամակցելով Եվրոպայի Խորհրդին, Հայաստանը հայտարարեց այդ գործընթացների ակտիվ մասնակիցը լինելու իր ձգտումը: Իմ կարծիքով, մենք հաջողության կարող ենք հասնել միայն այն դեպքում, եթե ներդաշնակորեն զարգացնենք այդ ուղղություններից յուրաքանչյուրը:
ՀԱՐՑ - Շվեդիայի արտաքին գործերի նախարար տիկին Աննա Լինդը վերջերս տարածաշրջան կատարած այցի ընթացքում Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի հետ տնտեսական համագործակցություն սկսելու անհրաժեշտության մասին: Կարելի է դա գնահատել որպես Ձեր դիրքորոշման պաշտպանություն: Արդյոք Դուք մտադիր եք Եվրամիության ղեկավարության հետ քննարկել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տնտեսական կապերի հաստատմանը ԵՄ հնարավոր աջակցության հարցը:
ՊԱՏԱՍԽԱՆ - Հայաստանն այդ հարցի վերաբերյալ իր դիրքորոշումն արտահայտել է բազմիցս: Մենք կարծում ենք, որ տնտեսական կապերի հաստատումը կարող է դառնալ Հարավային Կովկասում քաղաքական խնդիրների, այդ թվում նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, նպաստող լուրջ գործոն: Տնտեսական փոխշահավետ համագործակցությունը բարենպաստ հող կստեղծի կողմերի միջեւ փոխվստահության մթնոլորտի ձեւավորման համար:
Հայաստանը վճռականորեն պաշտպանում է տարածաշրջանային համագործակցությունը եւ ինտեգրացիոն գործընթացները Հարավային Կովկասում:Տարածաշրջանի երկրների ընդհանուր տնտեսական հետաքրքրություններն ակնհայտ են: Տարածաշրջանի մեր հարեւանները, թեեւ տարբեր չափով, այնուամենայհնիվ հետապնդում են տնտեսության ազատականացման եւ քաղաքական բարեփոխումների նույն նպատակները:Տարածաշրջանը հեռանկարային հնարավորություններ է առաջարկում աշխարհի գործարար համայնքին: Մենք հասկանում ենք, որ Հայաստանը, ինչպես նաեւ հարավկովկասյան տարածաշրջանի մեր հարեւանները, պոտենցիալ ներդրողի համար ավելի գրավիչ կլինեն տարածաշրջանային հնարավորությունների համատեքստում: Մեր դիրքորոշման հետ համամիտ են հարավկովկասյան պետությունների հետ համագործակցությամբ շահագրգռված շատ երկրներ: Ցավոք, այդ գաղափարը դեռեւս աջակցություն չի գտնում Ադրբեջանի ղեկավարության մոտ, եւ նրանք շարունակում են տնտեսական կապերը կախման մեջ դնել բանակցային գործընթացի արդյունքից:
Մենք շարունակում ենք մեր ավանդը ներդնել` առաջ մղելու տարածաշրջանային համագործակցության գաղափարը եւ վստահ ենք, որ այդ գաղափարի պաշտպանությունն ամուր հիմք կստեղծի տարածաշրջանում խաղաղության ու կայունության համար:
ՀԱՐՑ - Ձեր կարծիքով, ինչով է պայմանավորված Եվրամիության աճող հետաքրքրությունը Հարավային Կովկասի երկրների նկատմամբ, ինչը վերջին ժամանակներս ակնհայտ է: Այս տարվա փետրվարին Եվրամիության Նախարարների խորհուրդը հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ խոսվում էր տարածաշրջանում Եվրամիության դերի մեծացման անհրաժեշտության մասին:
ՊԱՏԱՍԽԱՆ - Դեպի Արեւելք եվրոպական կառույցների ընդարձակմանը զուգընթաց Եվրամիության եւ Սեւ ծովի տարածաշրջանի երկրների փոխհարաբերությունները ձեռք են բերում առանձնահատուկ կարեւորություն: Այդ տարածաշրջանի կայունությունն ու խաղաղությունը դառնում է ավելի ու ավելի կարեւոր գործոն ողջ Եվրոպայի անվտանգգության համար:
Այն փաստը, որ Հարավային Կովկասի բոլոր երեք երկրները Եվրոպայի Խորհրդի անդամ են, վկայում է եվրոպական ինստիտուտներին մերձենալու նրանց օբյեկտիվ հետաքրքրության մասին: Այստեղ, կարծում եմ, մերձենալու երկուստեք ձգտումն ակնհայտ է, ինչի արդյունքն է Ձեր նշած հայտարարությունը:
ՀԱՐՑ - Պարոն Նախագահ, Դուք հանդես եք եկել Եվրամիության մասնակցությամբ տարածաշրջանային անվտանգության համակարգ ձեւավորելու օգտին: Մտադիր եք նման համակարգի ստեղծման հեռանկարը քննարկել Եվրամիության ղեկավարության հետ:
ՊԱՏԱՍԽԱՆ - Հայաստանը ողջունում է բոլոր ուղղություններով Եվրամիության եւ հարավկովկասյան տարածաշրջանի երկրների միջեւ ավելի ակտիվ համագործակցությունը: Մեր կարծիքով, եվրոպական ինստիտուտների ներկա զարգացումները նշանակալի ու խոստումնալից հնարավորություններ են բացում ինչպես Հայաստանի, այնպես էլ Վրաստանի ու Ադրբեջանի համար:
Հայաստանի արտաքին քաղաքականությունը հիմնված է կոմպլեմենտարիզմի սկզբունքի վրա: տնվելով բավականին բարդ տարածաշրջանում, ուր պատմականորեն բախվում են տարբեր պետությունների շահեր, մենք ձգտում ենք հավասար, փոխընդունելի հարաբերություններ կառուցել տարածաշրջանի երկրների եւ բոլոր շահագրգիռ կողմերի հետ: Հայաստանը փորձում է ոչ թե խաղալ տարածաշրջանում տարբեր երկրների հակասությունների վրա, այլ` փնտրում է այդ հակասությունները մեղմելու, ընդհանուր շահեր եւ առկա խնդիրներին փոխզիջումային լուծումներ գտնելու հնարավորություններ:
Կոնկրետ տարածաշրջանային անվտանգության համակարգի հետ կապված քննարկում իմ ներկա այցի շրջանակում չի նախատեսվում: Սակայն, քաղաքական եւ տնտեսական այլ հարցերի համատեքստում մենք կխոսենք տարածաշրջանային անվտանգության խնդիրների մասին, կանդրադառնանք այն դերին, որ եվրոպական հանրությունը կարող է խաղալ տարածաշրջանում կայունության ու տեւական խաղաղության հաստատման գործում: