23.04.2002. "Կցանկանայինք Ձեր ներդրումները տեսնել Հայաստանում"
22.09.2006. Նորոգված սրտով ու նվիրումով ծառայենք մեր հայրենիքին
13 Սեպ 2011  
13.09.2011  |  15:17   |   Թերթեր և ամսագրեր

13.09.2011. "Տանամյակ, որ վերափոխեց Հայաստանը"

Այս խորագիրն է կրում հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ոչ պաշտոնական կայքէջում օրերս մեկնարկած հերթական նախաձեռնությունը
   
"Առաջիկա օրերին, Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյա հոբելյանին ընդառաջ, մենք ամփոփ ձեւով կներկայացնենք Ձեզ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման 10 տարիների ընթացքում հայոց պետականության ձեռքբերումները։ Մենք չենք պատրաստվում իդեալականացնել այդ տարիները։ Պարզապես անկախության 20 տարիների ուղիղ կեսը եղել է Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանը։ Իսկ այդ 10 տարիները Հայաստանի վերազարթոնքի տարիներ են։ Չենք իդեալականացնելու ոչինչ, բայց, ինչպես ասում են` թվերը համառ են, ու թվերի լեզուն համոզիչ է",- այսպես են հիմնավորում կայքէջի "ճարտարապետներն" իրենց նախաձեռնությունը։

Հեղինակներն իրենց հարց են տալիս` կարելի՞ էր անել ավելին, եւ իրատեսորեն արձանագրում. "Գուցե կարելի էր, եթե չլինեին այս, այս, այս խոչընդոտները: Սակայն պատմությունը եթե-ներ չի սիրում, իսկ պատմական փաստն այն է, որ Ռոբերտ Քոչարյանը ժառանգություն ստացավ քայքայված տնտեսությամբ, հուսահատ ժողովրդով, Ղարաբաղը կորցնելու վտանգված բանակցային իրավիճակով երկիր, եւ տասը տարի անց, չնայած ամեն տեսակ խոչընդոտներին, թողեց զարգացող տնտեսությամբ, իր անկախությունը հաստատած, բնակչության վերընթաց ապրող կենսամակարդակով, իր պատմական իրավունքներին վերատիրանալու վճռականությամբ, միջազգային լայն ճանաչում ստացած եւ իր անվտանգության երաշխիքները հաստատած պետություն"։

Ու սա "ո՛չ առասպել է, ո՛չ էլ մեր տատիկների պատմած հեքիաթներից: Ընդամենը մի քանի տարի առաջվա մեր իրողությունն է: Իրողություն, որ տեսանք մեր աչքերով եւ զգացինք մեր մաշկի վրա",- գրում են նախաձեռնության հեղինակները։ 

Այդ հայտարարությունը 2rd.am կայքում զետեղվել էր սեպտեմբերի 8-ին, իսկ արդեն հաջորդ օրը` սեպտեմբերի 9-ին կայքի այցելուները կարող էին տեղեկանալ (կամ վերհիշել) երկրորդ նախագահի պատկերացումները Հայաստանի անվտանգության, երկրի վաղվա օրը անվտանգ եւ հուսալի դարձնելու հիմնական ուղղությունների եւ այդ ուղղությամբ գործադրված քայլերի մասին` նկատի ունենալով Թուրքիայից ու Ադրբեջանից եկող մի դեպքում անուղղակի, մյուս դեպքում` ուղղակի ռազմական սպառնալիքները դիմագրավելու, շրջափակման պայմաններում գոյատեւելու եւ զարգանալու հրամայականը, հիմնական շեշտը դնելով բանակի մարտունակության բարձրացման, ռազմա-տեխնիկական հագեցածության, տարածաշրջանում հաստատված ռազմական հավասարակշռության պահպանման եւ ամրապնդման վրա։ 

Հիշեցնենք, որ, ինչպես նշված է երկրորդ նախագահի ոչ պաշտոնական կայքում, "հենց Ռոբերտ Քոչարյանի օրոք եւ նրա նախաձեռնությամբ մշակվեց "Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ռազմավարություն" փաստաթուղթը, որ երկրի նախագահը վավերացրեց 2007 թվականի փետրվարի 7-ին, ինչը դարձավ ուղենիշ մեր հանրապետության թե երկրի պաշտպանական դոկտրինի, թե արտաքին քաղաքականության եւ թե առհասարակ երկրի կենսագործունեության համար: "Ռազմավարության" մեջ ամփոփվեց Հայաստանի անվտանգ ու կայուն զարգացման վերաբերյալ երկրի քաղաքական ղեկավարության տեսլականը":

Սեպտեմբերի 10-ին կայքի ուշադրության կենտրոնում հայտնվեց Ղարաբաղյան խնդրի կարգավորման թեման, որ եղել եւ մնում է "Անկախացած Հայաստանի արտաքին քաղաքականության գլխավոր ուղղություններից մեկը անցած 20 տարիներին։ Սա այն բացառիկ արտաքին քաղաքական խնդիրն է, որը ոչ միայն պայմանավորում է երկու հայկական պետությունների ու բնակչության, ողջ հայ ժողովրդի անվտանգության ու բարգավաճման հարցը, այլեւ պարբերաբար դառնում նաեւ ներքին քաղաքական կայունության կամ լարվածության գրավական ու դրդապատճառ":

Կայքի այս շարքից հաջորդ (սեպտեմբերի 11-ի) հրապարակումը վերաբերում է 1998թ. Հայաստանի որդեգրած արտաքին քաղաքականությանը, որ լավագույնս բնութագրել է ինքը` Ռ.Քոչարյանը, գերմանական "DIE WELT" պարբերականին տված հարցազրույցում. "Ես համոզված եմ, որ Հայաստանի քաղաքական գործիչները պիտի հայամետ գործունեություն ծավալեն, ոչ թե ռուսամետ կամ արեւմտամետ: Ես փորձել եմ հենց այդպիսի գործունեություն վարել: Եվ գուցե հենց այդ պատճառով է, որ մենք այսօր փայլուն հարաբերություններ ունենք ե՛ւ Եվրոպայի, ե՛ւ ԱՄՆ-ի, ե՛ւ Ռուսաստանի, ե՛ւ Վրաստանի, ե՛ւ Իրանի հետ: Մեր արտաքին քաղաքականությունը բավական հավասարակշռված է: Մենք երբեք չենք փորձել խաղալ գերտերությունների հակասությունների դաշտում, այլ ընդհակառակը` փորձել ենք մեր շահերը փնտրել այն դաշտում, ուր համընկնում են նաեւ նրանց շահերը": 

Կարելի է բազմաթիվ այլ մանրամասներ մեջբերել Ռ.Քոչարյանի պաշտոնավարման շրջանն արտացոլող փաստական նյութից, բայց այսքանն էլ բավական է` արձանագրելու, որ ի դեմս Ռ.Քոչարյանի "ոչ պաշտոնական կայքէջի"` դրվում են քաղաքական նոր մշակույթի հիմքերը, երբ նախկին նախագահը ոչ թե պաշտոնաթողությունից հետո դատապարտվում է կամավոր ինքնամեկուսացման, մի գեղեցիկ օր արթնանում լեթարգիական քնից, մեկեն "առյուծ կտրում" եւ սկսում աջուձախ քննադատել, իշխանություն ունեցողներին մեղադրում բոլոր հնարավոր ու անհնար մեղքերի մեջ, սեւացնում ամեն ինչ եւ բոլորին` խտրականություն չդնելով միջոցների եւ բառերի միջեւ ու երկիրն ի լուր աշխարհի հռչակում "ավազակապետություն", "քրեաօլիգարխիկ ռեժիմ", "մոնղոլ-թաթարական խանություն", "մաֆիոզ-կլանային համակարգ", որից միայն կազմալուծել-կազմաքանդելը կփրկի, այլ ժամանակակից տեխնիկայի հնարավորություններից օգտվելով` բացում է սեփական կայքէջը եւ ներկայացնում իր արածը` ձեռնպահ մնալով այլոց սեւացնելու, պիտակավորելու, շուրջբոլորն ատելություն ու չարություն տարածելու արատավոր գործելակերպից։

Ծանոթներիցս մեկը փորձել էր Ռ.Քոչարյանի վերաբերյալ իր դրական կարծիքը փոխանցել կայքի համապատասխան էջին` համեմելով այն այլ գործիչների մասին ոչ այնքան շահեկան արտահայտություններով։ Մեկնաբանությունը տեղ չէր հասել։ Երկրորդ անգամ նույն հաղորդագրությունն ուղարկելով` ստացել էր այսպիսի պատասխան. "Ձեր կարծիքը տեղ կգտնի մեր կայքում, եթե այն համապատասխանում է մեր որդեգրած քաղաքականությանը"։ 

Այն է` սեփական վարկը բարձրացնելու համար պետք չէ փնովել ուրիշներին։ Մեկնաբանությունները, կարծում ենք, ավելորդ են։

ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
www.armworld.am

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: