08.12.2007. Բարեկամության հրապարակի էստակադան ամբողջացել է
28.05.2002. "Հայաստան-Սփյուռք"
07 Հուլ 2011  
07.07.2011  |  22:51   |   Թերթեր և ամսագրեր

20.12.2007. Անփոփոխ ժամանակացույցով

Երեւանի կապիտալ շինարարության ծրագրերով 2007թ. նախատեսված է եղել 22 մլրդ դրամի աշխատանք։ Ծրագիրը մոտ է ավարտին։ Վերջին աշխատանքների վիճակին ծանոթանալու նպատակով երեկ  տարբեր կառույցներ համայց կատարեց Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը։

Նոր անցումներ Իսակովի պողոտայում...

Քաղաքում այս տարի կառուցված վեց հետիոտն անցումներից չորսը Իսակովի պողոտայում են։ Դրանք բոլորն էլ արդեն շահագործման են հանձնված։ Իր տեսակի մեջ առանձնանում է ոստիկանության ակադեմիայի հարեւանությամբ կառուցվածը։ Վերգետնյա թռիչքով պողոտան կամրջող կառույցն ունի պոլիկարբոնատե թափանցիկ մարմին, որով անցնողը կարծես թե հայտնվում է թափանցիկ թունելում։ Ոչ միայն հաճելի է "թունելով" անցնելը, այլեւ առավելագույնս ապահով։ Գեղեցիկ եւ ճաշակով են իրականացված դեպի անցում բարձրացնող - իջեցնող աստիճանահարթակները։ Երեւանում կյանքի է կոչվել մայրաքաղաքի թիվ 1 մուտքի բովանդակությանը համահունչ կառույց։
Բավականին ինքնատիպ է նաեւ պողոտայի՝ Վաղարշ Վաղարշյանի անվան թիվ 80 դպրոցի հարեւանությամբ կառուցված ստորգետնյա անցումը։ Այստեղ հաշվի է առնվել ոչ միայն կառույցի կիրառական, այլեւ քաղաքաշինական նշանակությունը։
Այսօր Իսակովի պողոտայում գործում են յոթ անցումներ, որոնցից երեքը կառուցվել են անցյալ տարի։

Խանջյան - Տիգրան Մեծի - Ագաթանգեղոսի  համալիր հանգույց...

Այս կառույցը թերեւս ամենախոշորն է տարվա շինծրագրերում։ Այն ավարտվելու է 2008թ. գարնան վերջին։ Չնայած շինարարական աշխատանքների որոշ խոչընդոտներ եղան տարվա ընթացքում, սակայն լարված հետագա աշխատանքի շնորհիվ շինհրապարակում վերականգնվել է ընթացիկ տարվա համար նախատեսված անելիքների ժամանակացույցը։ Շինարարը վստահեցնում է, որ տարեվերջին բացելու է Տիգրան Մեծի պողոտայի տրանսպորտային երթեւեկը։ Անցուղու հիմնական մասի պատերն արդեն տեղադրված են, այսօր - վաղը կսկսվի ծածկի տեղադրումը։

Խանջյան - Վարդանանց փողոցների հանգույցում...

Այստեղ շինարարությունը սկսվեց հինգ ամիս առաջ։ Եթե հաշվի առնենք, որ կառուցվում է ստորգետնյա ե՛ւ տրանսպորտային, ե՛ւ հետիոտն անցում (Վարդանանց փողոցն անցնում է Խանջյան փողոցի տակով), ապա ծախսված ժամանակը համապատասխան չէ արված մեծածավալ աշխատանքներին։

Արդեն բացված է Խանջյան փողոցի տրանսպորտային երթեւեկը, ավարտված են Կինոյի տան կողմից Վարդանանց փողոցի ստորգետնյա մուտքի աշխատանքները։ Ուժերը կենտրոնացված են անցուղու հակառակ մուտքի վրա։ Այստեղ հարդարվում են պատերը, ասֆալտապատման նախապատրաստվում անցուղու հատակը։ Ի դեպ, անցուղու գրեթե կեսն արդեն ասֆալտապատված է։ Կառույցը վերջնական տեսք կստանա դեկտեմբերի 29 - ին։ Այստեղ աշխատանքները որոշ չափով ձգվեցին, քանի որ ընթացքում քաղաքապետարանը որոշել է հաջորդ տարվա համար նախապես ծրագրված՝ անցուղու ստորգետնյա հատվածը նույնպես ավարտել այս տարի։

Նալբանդյան - Իսահակյան - Ալ. Մանուկյան հանգույց...

Այս տրանսպորտա–հետիոտնային հանգույցը բավականաչափ բարդ կառուցվածք ունի։ Նալբանդյան փողոցի տակով անցնող Իսահակյան–Ալ. Մանուկյան ուղղությանը զուգահեռ կառուցվում է հետիոտն անցում։ Հաշվի է առնված ուսանողական աշխույժ միջավայրի հանգամանքը՝ ապահովել նաեւ մարդկանց անցման անվտանգությունը։

Կառույցը կփոխանցվի եկող տարվա շինծրագիր։ Այս տարի կիրականացվի միայն Նալբանդյան փողոցի ծածկի տեղադրումը եւ ասֆալտապատումը, կբացվի Նալբանդյանով տրանսպորտային միջոցների երթեւեկը, որը խիստ կարեւոր նշանակություն ունի քաղաքի կենտրոնական այս հատվածում տրանսպորտի առանց այն էլ ծանրաբեռնված վիճակը բարդացնող խոչընդոտը վերացնելու առումով։ Նալբանդյան փողոցով երթեւեկը կբացվի դեկտեմբերի 29 - ին։

Ազատության պողոտան ազատ է խոչընդոտներից...

Ոչ ոք չի կարող գերագնահատել Ազատության պողոտայի հիմնանորոգումը, որ կատարվեց ընդամենը չորս ամսում։ Քաղաքի կարեւորագույն նշանակություն ունեցող մայրուղիներից մեկը լիովին նոր տեսք է ստացել։ Ամենակարեւորը՝ պողոտայի սկզբի մասում, "Հաղթանակի" զբոսայգու մուտքի դիմաց կառուցվել է երկար սպասված հետիոտն ստորգետնյա անցումը։ Այս տեղամասում աշխատանքները շատ կազմակերպված անցան եւ լարվածություն չստեղծեցին։
Իսկ անցուղին պարզապես աչք է շոյում։

"Բարեկամություն" հրապարակ. էստակադան հիմնականում պատրաստ է...

Այստեղ նույնպես շինարարական աշխատանքներն սկսվեցին աշնան նախամուտին` օգոստոսի վերջին, եւ մտավախություն կար, որ աշխատատար կառույցը կարող է եւ ժամանակին չմտնել շարք։ Բայց բոլոր տագնապները ետեւում են։ Երկհարկ տրանսպորտային հանգույցը` ինքնատիպ կամրջային էստակադայով, շահագործման կհանձնվի դեկտեմբերի 26 - ին։
Համենայն դեպս, պատվիրատուն` քաղաքապետարանը, եւ շինարարը՝ "Կամուրջշին" ընկերությունը, չեն կասկածում, որ հանդիսավոր բացումն այդ օրը տեղի կունենա։ Արդեն ասֆալտապատվել է կամրջի արտաքին ծածկույթը, մոնտաժվում են բազրիքաճաղերը, բարեկարգման աշխատանքներ են կատարվում ներքեւում։

Բաղրամյան - Օրբելի հանգույց. պարզապես դժվար է հավատալ...

Դեռեւս մի քանի օր առաջ ես եղա այդ շինհրապարակում եւ տեսա, թե որքան լարված է աշխատանքային մթնոլորտը։ Պատճառը ժամանակի սղությունն էր։ Այսօր էապես հաղթահարված է լարվածությունը, եւ մնացած աշխատանքները ժամանակացույցի շրջանակում ավարտելու աղոտ հույսը վերածվել է վստահության։ Շինարարներն ավարտել են հիմնական անելիքները։ Մնում է իրականացնել անցուղու ծածկի եւ հատակի ասֆալտապատումը, ինչպես նաեւ դեպի Օրբելի եղբայրների փողոց բացվող ելքի պատերի վերին մասերի ոչ մեծ ծավալի բետոնապատման աշխատանքը։ Այս կառույցը նույնպես շահագործման կհանձնվի դեկտեմբերի 26 - ին։

Հաղթեց գործի կարեւորության գիտակցումը...

Սա է, ըստ քաղաքապետ Երվանդ Զախարյանի, կարճ ժամանակում բավական մեծածավալ աշխատանք կատարելու գաղտնիքը։ Ֆինանսական միջոցները ուշ գտնվեցին, սակայն գործի կարեւորությունը թույլ չտվեց սպասել հաջորդ տարվան։ Պետք էր համարձակորեն գործել եւ սեղմ ժամանակում իրականացնել ծրագիրը։ Դրված էր մայրաքաղաքը տրանսպորտային քաոսից զերծ պահելու պահանջը, եւ դա հասկանում էին ինչպես քաղաքապետարանը, այնպես էլ շինկազմակերպությունները։

Լրագրողների հետ զրույցի ժամանակ Երվանդ Զախարյանը գոհունակություն հայտնեց ոչ միայն կատարված արագ աշխատանքից, այլեւ դրա որակից։

Նրա տեղեկացմամբ, Երեւանում իրականացվող քաղաքաշինական ծրագրի այս տարվա բաժինը մինչեւ տարեվերջ լիովին կավարտվի։ Իսկ եկող տարի առանցքային կլինեն Գետառի հունով կառուցվող ավտոճանապարհի երկրորդ փուլը, Սարալանջի փողոցի, ինչպես նաեւ Տիգրան Մեծի պողոտայի եւ Խանջյան փողոցի տրանսպորտային հանգույցի շինարարության երկրորդ փուլերը։ "Դրանք խոշոր ծրագրեր են, եւ եթե մենք կարողանանք 2008թ. երրորդ եռամսյակում եւ չորրորդի սկզբին ավարտել դրանք, գերազանց կլինի", - ասաց    քաղաքապետը։

Հարցին, թե այսքան գեղեցիկ նորակառույց անցուղիները արդյոք մի օր չե՞ն դառնա կրպակների հանգրվան, քաղաքապետը պատասխանեց. "Խոստանում եմ, որ նորակառույց գետնանցումներում առեւտրային ոչ մի կրպակ չի լինի։ Դրանց նկատմամբ լինելու է հատուկ ուշադրություն։ Ավելին, 2008թ. ընթացքում պետք է անդրադառնանք նաեւ մյուս բոլոր գետնանցումներին։ Դրանք պետք է բերվեն նորմալ տեսքի եւ վիճակի։ Գետնանցում մտնելուց քաղաքացին պետք է բավականություն ստանա..."։

Պետրոս ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ
"Հայաստանի Հանրապետություն" թերթ

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: